«Գնացինք հիվանդանոցներ, մորգ, բայց ոչ մի տեղ չկար». 19-ամյա ՀԵՐՈՍ Մոնթե Մելքումյանին ծնողները փնտրում էին երկար ժամանակ

«Իրա անունը դրել էինք հերոս Մոնթեի անունով, բայց չգիտեինք, որ իմ Մոնթեն էլ կհերոսանա»,- հուզմունքով ասում է 40-ամյա Ստելլա Մելքումյանը, որը պատերազմի ժամանակ կորցրել է միակ որդուն։

19-ամյա Մոնթե Մելքումյանը ավելի քան 1 տարի եղել է զինվորական ծառայության մեջ, երբ սկսվել է Արցախյան պատերազմը։

Մոնթեն առաջնագծում պաշտպանում էր հայրենիքը, երբ հակառակորդի կողմից անօդաչու սարքի հարվածից նախ վիրավորվում, ապա ընկերներին օգնության հասնելիս երկրորդ հարվածից զոհվում է։ Ընտանիքը դեպքից 7 ամիս անց դեռևս չի կարողանում հավատալ, որ այն ողբերգությունը, որ տեղի է ունեցել, իրականություն է։

«Հոկտեմբերի 23-ի իրիկունը մեծ մեքենաներով զինվորներին տեղափոխել են մի դիրքից մեկ այլ դիրք, անօդաչուով նկարել են ու խփել են։ Որ սկզբում խփել են, տղաս էդ մեքենայից փրկվում ա, հեռու ա գնում, հետո հետ ա գալիս, որ ընկերներին օգնի: Ինքը վիրավոր ա լինում, նորից ա խփում անօդաչուն, մահանում ա… Իրա մոտ ընկերն ա պատմել, էդ տղեն էլ վիրավորվել էր։ Իմ միակ տղան էր Մոնթեն, ու պատերազմը տարավ»,- հուզմունքը զսպելով ասում է Ստելլա Մելքումյանը։

Ստելլան ասում է, որ մինչ օրս չի համակերպվում որդու կորստի հետ․ «Հավատս չի գալիս, որ էսքան բանը կատարվում ա, ինձ թվում ա, թե որդիս կենդանի ա»։

Մելքումյաններին սկզբում հայտնել են, որ իրենց որդին վիրավոր է, Մոնթեի հայրը՝ Նվեր Մելքումյանը, փնտրել է հիվանդանոցներում, սակայն չի գտել, ավելի ուշ իմացել են, որ տղան զոհվել է:

«Ամսի 24-ին առավոտյան ամուսնուս զանգեցի, ասում եմ՝ զանգում եմ, անհասանելի ա… Ինքը սկսեց զանգել, սաղին խառնեց իրար, թե խի չի վերցնում, մեկը ասեց՝ վիրավոր ա, բայց չգիտենք որտեղ ա: Գնաց հիվանդանոցներ, մորգ, բայց ոչ մի տեղ չկար… Մենք էլ մտածեցինք, որ կարող ա վիրավոր ա, սկորիով տարած լինեն Երևան, զանգեցինք հիվանդանոցներ, բարեկամները գնացին նայեցին: Ոչ ոք չգիտեր՝ որտեղ, տարբեր բաներ ասեցին, հետո չգիտեմ ով, ամուսնուս զանգեց, բա գիտես՝ Մոնթեն զոհվել է»,- պատմում է մայրը։

Ստելլան ասում է, որ հիմա ոչ մի երազանք չունի, միայն կցանկանար որդուն գրկել, կարոտն առնել: