«Այդպես էլ չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ և՛ հողերը կորցրեցինք, և՛ տղաներին». կարդացե՛ք ՀԱՅՐԵՆԻՔԻՆ կյանք տված ՀԵՐՈՍ Արայիկի մասին

Արայիկ Էդիկի Կիրակոսյանը ծնվել է 1991 թվականի մայիսի 16-ին Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Հայոց բանակ զորակոչվել է 2008 թվականին: Ծառայել է Ջրականում, Արա Լեռ զորամասում:

Բանակից զորացրվելուց որոշ ժամանակ անց պայմանագրային ծառայության է անցնում Սիսիանի զորամասում: Վարորդ էր: Եվ չնայած Սիսիանի դիրքեր տանող ճանապարհները բավականին դժվարանցանելի են, դիրքապահ տղաներին երբեք ճանապարհի կեսին չէր թողնում, միշտ տեղ էր հասցնում:

Պատերազմից առաջ 3 ամիս Շաղատի դիրքերն էր հսկում ընկերների հետ, այդ ընթացքում գրեթե չիջան դիրքերից: Մի անգամ, երբ ջուր տանելու համար իջել էր, հորը խնդրեց՝ իրեն տուն տանի, որ իր երեխեքին տեսնի (ասում էր քոթոթներս կամ գոջոներս): Դա եղավ նրանց վերջին տեսակցությունը:

Հոկտեմբերի 8-ին իջան Շաղատի դիրքերից, գնացին Արցախ: Հարազատները վերջին անգամ Արայիկի հետ խոսել են հոկտեմբերի 9-ին, որից մեկ օր հետո՝ հոկտեմբերի 10-ին, Կարմիր Շուկայի մոտակայքում զոհվեց: Հուղարկավորվել է հոկտեմբերի 29-ին Անգեղակոթի պանթեոնում:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...
Հավերժ Շնորհակալ ենք և Պարտական...