«Բան չկա, մեր կրոնում դա արգելք չէ». միայն իմանաք՝ ինչ առաջարկությունից հետո, Սևակը հայտարարեց, որ նա ամուսնացած է և երեխաներ ունի

Բանաստեղծ Ռուբեն Սևակին, ինչպես մի շարք այլ մտավորականների, Օսմանյան կայսրության կառավարության որոշմամբ 1915թ․-ի ապրիլի 24-ին ձերբակալեցին, աքսորեցին սիրիական անապատ ու սպանեցին։

Ռուբեն Սեւակ

Բայց թուրքական յաթաղանի զոհ դարձած Ռուբեն Սևակը ոչ միայն խոսքով ու գրչով պաշտպանեց իր գաղափարները, այլև կյանքի գնով ապացուցեց ժողովրդին անմնացորդ նվիրվածությունը։

1930 թ․-ին Ամերիկայի Բոստոն քաղաքում, հայկական «Հայրենիք» ամսագրում Հասան անունով մի թուրքի պատմություն հրապարակվեց։ Հասանը եղել էր այն կառքի կառապանը, որով սպանելու էին տարել Ռուբեն Սևակին ու ևս չորս հայի։ Նրանց թվում էր նաև մեկ այլ հայտնի հայ բանաստեղծ՝ Դանիել Վարուժանը։ Հինգ հայերով և երկու ոստիկաններով կառքն ուղևորվել էր Այաշ քաղաք։

«Ճանապարհին մեզ կանգնեցրին։ Մեզ թվաց` ավազակներ են հարձակվել, բայց ժանդարմներից մեկը ողջունեց անծանոթին, որի հետևից ևս չորս զինված տղամարդիկ էին գալիս։ Հինգ հայերի ձեռքերը կապված էին։ Ժանդարմները խուզարկեցին նրանց ու հեռացան․․․ ես հեռվից տեսա, թե ինչպես հինգ զինված տղամարդիկ հարձակվեցին կապկպված մարդկանց վրա, մերկացրին նրանց ու կապեցին ծառերին։ Հետո ավազակախմբի պարագլուխն ու նրա մարդիկ մերկացրին դաշույնները և սկսեցին դանդաղ ու անխռով սպանել նրանց։ Դատապարտյալների ճիչերն ու նրանց հուսահատ կատաղությունը կտոր-կտոր էին անում սիրտս»։

Կառապանի խոսքով` Սևակին վերջինն են սպանել, նա տեսել է ընկերոջ` Դանիել Վարուժանի և մյուսների դաժան սպանությունը։ Իսկ դահիճների թվում կար մեկը, որն իր դստեր կյանքի համար պարտական էր Ռուբեն Սևակին։

…1914թ․-ին Սևակը բուժում է մի բարձրաստիճան թուրք պաշտոնյայի դստերը, որը ծանր հիվանդ էր և մահամերձ։ Աղջիկը սիրահարվում է իր փրկչին։ Թուրքը, ցանկանալով շնորհակալություն հայտնել Սևակին, առաջարկում է նրան ամուսնանալ իր դստեր հետ։ Սևակի ազգական Հովհաննես Չիլինգարյանն իր «Ռուբեն Սևակ» գրքում փոխանցում է թուրք պաշտոնյայի խոսքերը․

«Բժիշկ, քո ազգը պիտի մեռնի, ձեզնից ոչ մեկը չի փրկվի։ Բայց եթե դու մահմեդականություն ընդունես և ամուսնանաս աղջկաս հետ, ես քեզ կփրկեմ»։

Սևակը, ապշած նման առաջարկությունից, հայտարարում է, որ ամուսնացած է և երեխաներ ունի։

Ռուբեն Սևակ, բանաստեղծություններ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Ի պատասխան թուրքը քմծիծաղ է տալիս․

«Բան չկա, մեր կրոնում դա արգելք չէ»։

Սևակը հրաժարվում է գործարքից։ Նա քրիստոնեությունը հայկական ազգային ինքնության, իր հայ լինելու անքակտելի մասն էր համարում։ Բացի այդ, նա անչափ շատ էր սիրում իր կնոջը։

Ռուբեն Սևակ | Բանաստեղծություններ | Գրանիշ

Ռուբենին ազատելու համար Գերմանիայի արտգործնախարարությանը, Կ. Պոլսի և Սոֆիայի նրա դեսպաններին, Լոզանի հյուպատոսին, Կ. Պոլսում դեսպան Հանսֆոն Վանգենհայմին բազմաթիվ դիմումներ են ուղարկել նրա աները՝ գերմանական բանակի պահեստի սպա Ֆրանց Ապելն ու կինը՝ Հելեն Ապել-Չիլինկիրյանը։ Բոլորն էլ՝ ապարդյուն։

1915 թ. օգոստոսի 12 (25)-ին հեռագրել է կնոջը, թե Դանիել Վարուժանի հետ գտնվում է Այաշի բանտում։

1915 թ. օգոստոսի 13 (25/26)-ին, դեպի Այաշ աքսորի ճանապարհին՝ Չանղըրը և Կալեջիկ (Գալայճըք) գյուղերի միջև, Չանղըրըից կառքով 6 ժամ հեռու գտնվող Թյունե (Թյունայ, Թյունեյ) կոչված վայրում, իր 4 բախտակից ընկերների հետ (այդ թվում՝ Դանիել Վարուժանը), թուրք չեթեների կողմից սպանվել է քարերով ու յաթաղաններով խոշտանգումների ենթարկվելով՝ 30 տարեկանում։ Ըստ Գոնիայի պատերազմական ատյանում կառապան Հասանի տված վկայության՝ բժիշկը եղել է վերջին սպանվողը

1915 թվականի ապրիլի 24-ին ամուսնու աքսորից հետո կինը՝ Յաննի Ապել Սևակը մեկնում է Թուրքիայում Գերմանիայի դեսպանատուն՝ ամուսնուն ձերբակալելու հարցով։ Գերմանիայի դեսպանն այսպես է պատասխանում ամուսնուն փրկելու նրա խնդրանքին․

Դու անարժան գերմանուհի ես, դու դավաճանել ես քո ազգին, ամուսնացել ես այդ հայի հետ և հիմա եկել ես խնդրելու, որ ես նրան փրկեմ։ Նա չպետք է վերադառնա։ Նրանք բոլորը մեռնելու են գնացել։ 

Սարսափած նման պատասխանից` Յաննին գերմանական անձնագիրը շպրտում է դեսպանի դեմքին.

Ես որդի ունեմ ու կդաստիարակեմ նրան այնպես, որ մի օր նա գերմանացիներից վրեժ լուծի հոր համար։ 

Ամուսնու մահվան լուրը ստանալուց հետո Յաննի Ապել Սևակը երկու երեխաների հետ մեկնում է Ֆրանսիա։ Նա հրաժարվում է գերմանական քաղաքացիությունից և անգամ դադարում է գերմաներեն խոսել, իր երեխաներին հայկական կրթությանն է տալիս։

Յաննին մահանում է Նիցցայում 1967 թվականի դեկտեմբերի 28-ին։ Կտակի համաձայն` նրան թաղում են հայկական եկեղեցում՝ հայկական կարգով։