Ովքե՞ր էին այն գաղտնի ֆիգուրները, որոնց պաճառով դադարեցվում էր երթևեկությունը Երևանում․ ՀԱՅ, ում այցելում էին «ՎԵՐԵՎՆԵՐԻՑ»

1960-70-ականներին Երևանյան մի փողոցը ժամանակ առ ժամանակ փակվում էր: Ոստիկաններն այդ հատվածում դադարեցնում էին երթեևեկությունը, մինչև ժամանած մեքենաներից ուղևորներն արագ իջնում ու մտնում էին շենք:

Նրանք գաղտնի ֆիգուրներ էին, անգամ նրանց անուններն էին գաղտնի պահվում ժողովրդից, միայն տիտղոսն էր գրվում՝ գլխավոր կոնստրուկտոր, բայց թե ով էր, ոչ ոք չգիտեր: Նույնիսկ մի այսպիսի պատմություն կա. Նոբելյան կոմիտեն դիմում է Խրուշչովին, թե ով է Գագարինին տիեզերք արձակողը: Խրուշչովը պատասխանում է՝ սովետական ժողովուրդը:

 Շքամուտքում նույնպես ամեն ինչ վերահսկվում էր. դռները չէին բացվում, բարձրացող-իջնող չկար: Գաղտնի այցելուներն անվանի աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի հյուրերն էին:

Խորհրդային տիեզերագնացության հիմնադիր, ակադեմիկոս Սերգեյ Կորոլյովն էր, հրթիռային տեխնիկայի գլխավոր կոնստրուկտոր, ակադեմիկոս Վասիլի Միշինը, տիեզերագնացներ:

«Մեծ խմբերով տիեզերագնացներ էին գալիս. հորս ղեկավարությամբ նրանց պատրաստում էին թռիչքի: Նրանք ժամանում էին հատուկ օդանավերով ու ավտոմեքենաներով: Նրանց հետ գալիս էին իրենց բժիշկները»,-հիշում է Գրիգոր Գուրզադյանի որդին՝ Վահագն Գուրզադյանը:

Մոսկովյան 33-ը 1962 թվականից Գուրզադյան ընտանիքի երևանյան հասցեն է: Ականավոր աստղաֆիզիկոսը հիմնականում ապրում ու աշխատում էր Բյուրականում ու Գառնիում: Բայց նրա երևանյան բնակարանում կազմակերպվում էին գաղտնի ու խիստ կարևոր հանդիպումներ, քննարկվում տիեզերական մասշտաբի հարցեր: Սա այն քիչ դեպքերից է, երբ Հայաստանում արվում էր մոլորակային մակարդակի գործ:

Ինքն ու եղբայրը դպրոցական էին: Հիշում էր՝ իրեն հաջողվեց սիրողական ապարատով նկարել այդ նշանավոր հանդիպումներից մեկը: Հիշում է նաև Խորհրդային ռազմական ուժերի մարշալի անձնական՝ սենյակներով առանձնացված 0001 համարի օդանավը, որով երբեմն Հայաստան էր վերադառնում Գրիգոր Գուրզադյանը: