Ինչպե՞ս հայ եղբայրները պատմություն կերտեցին Սինգապուրում․ նրան հյուրանոցային կայսրության սեփականատերեն էին

Իր համաշխարհային փառքի համար սինգապուրյան Raffles Hotel հյուրանոցը պարտական է հայկական ծագումով չորս գործարարի՝ եղբայրներ Մարտին, Տիգրան, Ավետ և Արշակ Սարգիսներին:

Սինգապուրի հենց կենտրոնում՝ երկնաքերերի և ապակյա ու մետաղե արտառոց շինությունների մեջ, պահպանվել է ցածր ձյունաճերմակ շենքերից կազմված օազիսը: XIX դ. վերջում այն հայտնի դարձավ ծառայությունների մատուցման իր գերազանց մակարդակով ու հյուրընկալությամբ:

Հայկական սփյուռքը Սինգապուրում հաստատվեց անմիջապես այն բանից հետո, երբ սըր Ստեմֆորդ Ռաֆֆլզը` Բրիտանական կայսրության հիմնադիր հայրերից մեկը, իր արշավախմբով ժամանեց կղզի և գաղութ հիմնեց: Առայսօր քաղաք-պետության քարտեզի վրա կարելի է գտնել Հայկական փողոցը կամ Սարգիս փողոցը, ինչպես նաև շենքեր, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեն գաղութատիրական շրջանի հայ ձեռներեցների անունների հետ:

1887 թվականին Տիգրանը, որին ոչ այլ կերպ, քան «հեռատես ու վճռական մարդ» էին կոչում, բոլոր Սարգիս եղբայրների անունից բացում է Raffles ոչ մեծ հյուրանոցը: Սակայն Raffles-ի հիմնական հաղթաթուղթն ու Տիգրանի ձեռնարկատիրական հոտառության լրացուցիչ ապացույցը դարձավ նրբաճաշակ խոհանոցը: Եղբայրներն ուտելիքին և հյուրերի սննդին ու զվարճանքին առնչվող ամեն բանի հատուկ կարևորություն էին տալիս:

Ռեստորանի ուտեստները պատրաստում էին երկու ֆրանսիացի շեֆ-խոհարար ու ասիական ճաշացանկի համար պատասխանատու մի խոհարար: «Seaports of the Far East» պարբերականի 1913 թ. մի հրապարակման մեջ կարդում ենք, որ հենց ռեստորանն է հյուրանոցին համաշխարհային փառք բերել: Համաշխարհային պակաս հռչակ չէին վայելում նաև հենց իրենք՝ եղբայրները, որոնց հյուրանոցային կայսրությունը շարունակում էր ընդարձակվել:

Արշակի մահից հետո՝ 1931 թվականին, Raffles-ը սնանկ հայտարարվեց, և եղբայրների բոլոր հյուրանոցները դարձան կառավարող ընկերության սեփականությունը: Սարգիսների դարաշրջանն ավարտվեց, բայց նրանց գլխավոր ձեռքբերումը՝ Raffles Hotel-ը, իր ստեղծողներից շատ տասնամյակներ ավելի ապրեց և առայսօր կարող է հպարտանալ սպասարկման գերազանց մակարդակով ու հանրաճանաչ հյուրերով: