«Մամ ջան, գնացեք եկեղեցի ու մոմ վառեք: Էսօր քո տղեն ողջ մնաց, էլ ոչինչ չի լինի». ՀԵՐՈՍ Կարապետ Անտոնյանը պատերազմի ընթացքում խոցեց 6 տանկ

Երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը, Կարապետ Անտոնյանը 1 տարի 9 ամսվա զինծառայող էր: Սեպտեմբերի 27-ից Կարապետենց հակատանկային դասակը Ջրականում համառ մարտեր մղեց թշնամու դեմ: Ժամկետային զինծառայողը հակատանկային դասակի ջոկի հրամանատար էր:

Կարապետի ճշգրիտ և դիպուկ հաշվարկների շնորհիվ կարողացել են թշնամուն զգալի կորուստներ պատճառել: Պատերազմի ընթացքում խոցելով 6 տանկ՝ Կարապետը ստացել է սպայի կոչում (լեյտենանտ):

Կարապետ Անտոնյանի մայրը՝ տիկին Գոհարը, պատմում է.

«Հոկտեմբերի 12-ին Կարոս զանգեց, ամսի 12-ին մեծ փորձանքից էր պրծել… երեկոյան զանգեց և խնդրեց, որ եկեղեցի գնանք և մոմ վառենք իր համար: Ասացի՝ Կար ջան, ի՞նչ է պատահել, ասաց՝ մամ ջան, որ այսօր քո տղեն ողջ մնաց, էլ ոչինչ չի լինի:

Հիմա Կարոյիս սխրանքների մասին ընկերներից եմ իմանում… ծառայակից ընկերը՝ Վահեն, պատմում է, որ Կարոս առաջին իսկ օրերից տանկեր էր խփում, հարձակումներ են եղել, որոնք հաղթանակել են Կարոյի շնորհիվ։ Վահեն պատմում է, որ Կարոն երբ իրենց հետ է եղել, ոչ մի տանկ չի կարողացել իրենց մոտենալ, որովհետև Կարոյի մարտավարության արդյունքում շատ արագ խոցվում էին թշնամու տանկերը»:

զոհված զինծառայողի մայր

Արցախյան պատերազմում զոհված զինծառայողի մայր Գոհար Անտոնյանն ասում է՝ ես որդուս եմ կորցրել, բայց գիտակցում եմ, որ պատերազմ էր, և որևէ մեկը չէր կարող ասել՝ ով կվերադառնա, ով չի վերադառնա. հիմա պետք է մտածել ոտքի կանգնելու մասին:

Կարապետ Հովհաննեսի Անտոնյանը ծնվել է 2000թ. հուլիսի 9-ին: Սովորել է Հայաստանի  պետական պոլիտեխնիկական համալսարանում, ուսումը կիսատ թողնելով՝ մեկնել է պարտադիր ժամկետային ծառայության, ծառայել է Ջրականում։ Կարապետը զոհվել է հոկտեմբերի 13-ին Ջրականի  համար  մղվող մարտերում: Արցախի նախագահի կողմից արժանացել է «Մարտական առաջին խաչ» շքանշանի: