«Պիտի կիսատ թողածս գործը վերջացնեմ, ՀԱՅՐԵՆԻՔՍ կարիքս ունի». ահա, թե ինչպես բազմաթիվ փորձություններից հետո ՀԵՐՈՍ Խաժակը հաղթահարեց պատերազմը

Խաժակ հոպարս է, զինվորական չէ, բայց երբ ծանուցում է ստացել, առանց վարանելու մեկնել է Արցախ ու կռիվ տվել թեժ կետերում, հետո հրաշքով ողջ մնացել ու առանց որևէ քերծվածքի վերադարձել։ Թվում էր՝ դժոխքն ավարտվել է արդեն, բայց…

Պատերազմը նոյեմբերի 9ին շատերի համար ավարտվեց, իսկ Խաժակ հոպարի պատերազմը դեռ առջևում էր։ Հիշու՞մ եք, որ Խծաբերդում պատերազմի ավարտից հետո թշնամին էլի հարձակում գործեց ու խոսեցին ոչ միայն վիրավորների, այլ նաև տասնյակ գերի ընկածների մասին, վիրավորներից առաջինը հենց Խաժակ հոպարն էր, ում նորից կանչել էին Հադրութի վերջին դիրքերը պահելու։

Պատմում է՝ հարձակման գիշերը մառախուղ էր ու թվում էր էդ մութն ու լռությունը ոչինչ չի խաթարի, մինչև որ հնչեց առաջին կրակոցը, հնչեց ու խոցեց Խաժակ հոպարին՝ թուշը ճեղքեց ու լրիվ բացեց, բայց խուճապի մատնվելու ժամանակ չկար՝ պիտի հավաքվեր ու բոլորին լուրը հասցներ. ադրբեջանցիները խախտել են համաձայնագիրն ու հարձակվել։

Արդեն վիրավոր ոչ միայն դեմքից, այլ նաև կողից, ցրտահարված ձեռքերով չզլացավ անգամ սառած փամփուշտները լցնել մոտակա կիսավառվող մոխիրի մեջ ու տաքացնել, որ տղերքը կարողանան կռվել, կրակել, պայքարել՝ առանց մտածելու էդ քայլի հետևանքների մասին։ Վստահ էր՝ ինքը չի ապրելու ու պիտի գոնե պատվով կռվի ու զոհվի, բայց զինակից երկու ընկեր, չնայած իր բոլոր հորդորներին, որ իրեն վիրավոր թողնեն ու հասցնեն նահանջել, մեր հերոսին իրենց ուսերի վրա հասցրել են մոտակա միակ մեքենայի մոտ, հետո մառախուղի մեջ՝ ամեն րոպե պայթելու վտանգի տակ, տարել Ստեփանակերտի հոսպիտալ ու կրկնել.

֊Խաժակ քեզ չենք թողելու, դու գալու ես մեր հետ, դու ապրելու ես…

Էսքանից հետո էնքան արյուն է կորցրել, որ հոսպիտալում անմիջապես վիրահատել են, իսկ հետո անգիտակից հասցրել են Երևան, որ երկրորդ վիրահատությունը տանի։ Ժամանակ չկար՝ դեմքը լրիվ փշրված էր, շնչուղիները վառված, կողքը վիրավոր՝ ականի պայթյունից, իսկ մարմնի մյուս հատվածներին փամփուշտի թեք գնացած ու հրաշքով չկպած հետքեր էին։ Երբ ժամեր շարունակ անգիտակից լինելուց հետո աչքերը բացում է ու կնոջն է տեսնում, լսում հարազատների ձայները, միանգամից հարցնում է.֊Ո՞նց, էս բոլորդ արդեն հասել եք Ստեփանակե՞րտ(չի էլ պատկերացնում, որ վաղուց Երևանում է)։

Խաժակ հոպարն արդեն տանն է։ Կտրված շուրթն ու հավաքած դեմքը դեռ պիտի փորձեն ինքնուրույն վերականգնվել, եթե ոչ՝ իրեն նորից բարդագույն վիրահատություն է սպասվում, որ վերականգնվի լիարժեք դեմքը։ Մյուս վնասվածքների մասին անգամ մոռացել է, իսկ վառված ձեռքերը հիշում է ժպիտով։ Խաժակ հոպարն էսքանից հետո կատակներ է անում, փորձում է սևացած շուրթով խոսել, իսկ երբ հարցնում ես առաջիկա անելիքների մասին, ասում է՝ զինվորական եմ ուզում դառնամ, պիտի կիսատ թողածս գործը վերջացնեմ՝ հայրենիքը կարիքս ունի։