«Նրան ասում էին «Чёрная стрела». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Հենզելին, ով մեկ փամփուշտով միանգամից երկու թշնամու էր վերացրել

Հենզել Սաշիկի Բաղդասարյանը ծնվել է 1981 թվականի հունիսի 9-ին Տավուշի մարզի Պառավաքար գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Պառավաքարի միջնակարգ դպրոցում 1988-1998 թվականներին, իսկ արդեն 1999 թվականին զորակոչվել է Հայոց բանակ՝ ծառայելով Եղնիկներում:

2005թ. անցել է պայմանագրային հիմունքներով ծառայության՝ Տավուշում։ 2006 թվականին դիպուկահարի դպրոցը գերազանց ավարտելով՝ շարունակել է ծառայությունը Տավուշի ողջ երկայնքով։ Տարիներ շարունակ եղել է թշնամու ահն ու սարսափը։

Աշխատել է «Հետախույզ դիպուկահար»: «Чёрная стрела» լեգենդար անվանումն էլ ստացել է իր բազմաթիվ սխրագործությունների համար, որոնցից ամենահուշագրավը մի փամփուշտով միանգամից երկու թշնամու վերացնելն է։ 16 տարվա անբասիր ծառայության համար արժանացել է բազմաթիվ շքանշանների ու պարգևների՝

  • 2010թ. «Ծովակալ Հ.Ս.Իսակով»,
  • 2011թ. «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ,
  • 2012թ. «Մարտական հերթապահության համար» 1-ին աստիճանի մեդալ,
  • 2012թ. «Մարտական ծառայության» մեդալ,
  • 2015թ. «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալ,
  • 2015թ. «Արիության» մեդալ:

Պատվոգրեր՝

  • 2015թ. ՀՀ բանակի 23 ամյակի կապակցությամբ հայրենիքի մատուցած ծառայությունների համար,
  • 2015թ. «Իր ավանդը Հայրենիքի պաշտպանությանը նվիրելու համար»,
  • 2015թ. «Զորամասի պատվո գրքում զինծառայողի լուսանկարի զետեղում և անվան, հայրանվան ու ազգանվան գրառում» կարգապահական խրախուսանքին,
  • 2015թ. 3-րդ բանակային կորպուսի կողմից շնորհակալագիր Հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և անձնուրացության համար,

2017թ. կրտսեր սերժանտի կոչումով անցել է հանգստի՝ իր դիմումի համաձայն։ 2019թ. անցել է աշխատանքի «Հատուկ նշանակության զորքերում» որպեզ հետախույզ դիպուկահար։ 2019թ. սեպտեմբերին մեկնել է Չինաստանի հանրապետություն դասընթացների և վերադառնալով՝ 2020թ. հունվարին շարունակել ծառայությունը։ Չինաստանում դասընթացների ավարտին ստացել է «Արծաթե արծիվ» շքանշանը։ Մասնակցել է Տավուշյան մարտերին: 2020թ. հաղթանակն իր աչքերում մեկնել է Արցախ։ Մասնակցել է Արցախում մղվող ծանր մարտերին։ Թեժ մարտեր է մղել Մեխակավանում և հոկտեմբերի 5-ին շրջափակման մեջ գտնվելով՝ զոհվել դիպուկահարի կրակոցից։ 5 ամիս եղել է անհայտության մեջ։

Հուղարկավորվել է իր հարազատ Պառավաքար գյուղում՝ մարտի 4-ին։ Ամուսնացած էր՝ ունի 2 որդի և դուստր։

Փառք ու Պատիվ Մեր ՀԵՐՈՍՆԵՐԻՆ