Պատերազմ հաղթահարած ՀԵՐՈՍԸ. ինչպե՞ս փրկվեց Սմբատը և ի՞նչ է պատմում նա պատերազմական օրերից

Սմբատ Սահակի Սահակյանը ծնվել է 1996 թ.-ի նոյեմբերի 20-ին, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում:

3 եղբայր են, նա միջնեկն է, փոքր տարիքում ժիր երեխա էր: Հաճախել է գյուղի դպրոցը, եղել է հարվածային: 2007 թ..-ից, երբ 11 տարեկան էր, երկար տարիներ զբաղվել է սպորտով՝ հունահռոմեական ըմբշամարտով: Բազմիցս է զբաղեցրել մրցանակային տեղեր՝ միշտ պատվով ներկայացնելով հայի գենն ու իրեն: 2013 թ.-ին Հայաստանի պատանիների առաջնությունում, 76 կգ քաշային կարգում, III մրցանակային տեղն է գրավել: Դպրոցն ավարտել է նույն թվականին և ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի ըմբշամարտի բաժինը:

Սակայն հայրենի հողը կանչում էր: Եվ նա կիսատ թողնելով ուսումը 2015 թ.-ի հունվարի 29-ին զորակոչվել է բանակ՝ Արցախ՝ Մատաղիս, ապա տեղափոխվել է հրետանային դիվիզիոն և ծառայել որպես հրետանավոր։ Ծառայել է պատվով և անտրտունջ, իր ֆիզիկական տվյալների շնորհիվ նրա առաջ երբեք դժվարություններ չեն ծառացել: Զորամասի սպորտկազմակերպչից առաջարկ է ստացել այն նույն մարզաձևով, որով ինքն է պարապել՝ ըմբշամարտով մարզել գյուղի դպրոցականներին, ովքեր մեծամասամբ սպաների երեխաներ էին: Եվ ծառայությանը զուգահեռ սկսել է հանդես գալ որպես մարզիչ։

Երեխաներն էլ, իրենց հերթին, բավականին լավ ցուցանիշներ են դրսևորել Մարտակերտում, ապա Ստեփանակերտում մասնակցելով տարբեր մրցաշարերի և բարձր պահել իրնց մարզիչի անունը: Միշտ վերադառնում էին պատվոգրերով, մեդալներով և գավաթներով, որն էլ Սմբատի անունն էր ու պատիվը, որպես մարզիչ: Ապա նա ևս մասնակցել է սպորտային բազմաթիվ միջզորամասային և համաբանակային մթցաշարերի ու մեծամասամբ զբաղեցրել առաջին պատվավոր հորիզոնականը՝ I հորիզոնականն է զբաղեցրել 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայում, իսկ համաբանակային սպարտակիադայում՝ կշռաքարերի բարձրացումից, որ բարձրացրել է 24 կգ 2 կշռաքար, զբաղեցրել է II հորիզոնականը:

Ապրիլյան պատերազմի ժամանակ նա մեկ տարի 3 ամսվա ծառայող էր: Պատմում է ինքն անձամբ.

Ապրիլի 1-ի գիշեր, լույս 2-ի առավոտյան մենք զորանոցում դեռ քնած էինք: Մատաղիսի մեր զորամասում էինք: Սակայն վերկացից առաջ արդեն արթնացել էինք, երբ հրամանատարական անձնակազմի կողմից հրաման ստացանք վազել թաքստոցներ: Ճիշտ է, այդ պահին մի տեսակ խուճապ կար, որովհետև հանկարծակի էր ամեն ինչ, բայց հետո սովորեցինք:

Թշնամին հրետանային ինտենսիվ կրակ էր վարում, չէինք կարողանում թաքստոցներից դուրս գալ ու կարծես փակուղու մեջ լինեինք: Հետո, երբ մի քիչ հանդարտվեցին կրակոցները՝ արագ զինվեցինք ու բարձրացանք դիրքեր՝ Թալիշի ուղղությամբ: Մեքենայի մեջ երգում էինք տագնապը հաղթահարելու համար: Ստացվեց նպաստավոր կրակային դիրք ընտրել ու շարժվել դեպի Տոնաշենի կողմը: Այնտեղ արագ վերանորոգեցինք թաքստոցները, նորերը սարքեցինք: Դժվար էր, ինչ խոսք, քանի որ անընդհատ թե՛ իրենք էին կրակում, թե՛ մենք, այդ ընթացքում աշխատում էինք, արկեր դատարկում, նոր հրամաններ ստանում ու անցնում դրանց կատարմանը:

Նրանց հրետանին զգալի վնասներ է հասցրել հակառակորդին, քանզի շատ միասնական են աշխատել: Գիտակցելով, որ պատերազմ է՝ ինքնապաշտպանվել ու հակահարված են տվել հույսերը դրած սեփական ուժերի վրա, հրամանների դեպքում խուճապի չեն մատնվել և կատարել են մտածված ու Աստծո կամոք առաջ շարժվել: Իրենց հասցրած զգալի վնասների մասին մեր ուշիմ երիտասարդն ու մյուսները համեստորեն լռում են: Բոլոր դժվարությունները ստացվել է հաղթահարել:

-Վախի զգացումը, որ բնականաբար սկզբում ունեինք՝ անհետացավ: Արագ սովորեցինք իրավիճակին, գիտեինք, թե որ արկը որտեղից է գալիս, ինչքան ժամանակից կհասնի մեզ, զգում էինք հակառակո՞րդն է կրակում, թե՞ մեր տղաները…

Հիմա եմ հասկանում, որ մազապուրծ ենք ազատվել մահից, մինչդեռ այնտեղ՝ կռվի դաշտում, ամեն վայրկյանը կարող էր ճակատագրական լինել յուրաքանչյուր ողջ մնացածիս համար,-կյանքը գնահատողի ժպիտով, տոնով և հայացքով ասաց մահի աչքերին նայած, բայց ողջ մնացած մեր Սմբատը:

Հետո Սմբատը պատմեց, թե ինչպես են տեսել հազար ու մի դժվարություն, անցել փորձությունների միջով, օրեր անցկացրել տարբեր տարիքի և արդեն պատերազմի բովով անցած կամավորների հետ, ովքեր իրենց ոգեշնչոմ էին և բոլորով գործում էին համախմբված: Ապա սովորեցնում էին, թե մթության մեջ ինչպես կարելի է հակառակորդին նկատել: Ամեն արտահայտության հետ փոխվում էր Սմբատի դեմքը՝ մեկ ժպիտ էր նկարվում դեմքին, մեկ աչքերը զայրացկոտ հուր էին ցայտում, մեկ տխրում էր ու թախծում, մեկ էլ տեսար նորից այնպես էր ժպտում, կսրծես ծիծաղաշարժ պատմություն էր պատմում: Հանկարծ նորից հիշեց.

-Լինում էր, որ գիշերն ինչ-որ ձայներ էինք լսում ու կարծում, որ դիվերսիոն փորձ է, բայց նրանք սովորեցրին զանազանել ձայներն ու հանգստություն պահպանել նման իրավիճակներում: Թվում է մանրուքներ են, բայց առաջնագծում առանց դրանց հնարավոր չէ ճիշտ կողմնորոշվել,-բացատրեց պատերազմի բովով անցած երիտասարդը:

Պատմեց, որ մի անգամ նույնիսկ ծիծաղելի ու զավեշտալի իրավիճակում են հայտնվել: Հանկարծ հակառակորդի են նկատել, որ ուղղակի անշարժ կանգնած է եղել՝ զինվորներից մեկն էլ ասել է, որ ձեռքին էլ զենք կա: Կրակել են, բայց երբ դիտարկողը նայել է՝ պարզվել է, որ մարդու շատ նման շատ բարձր կոճղ է եղել: Ու բոլորով ծիծաղել են իրենք իրենց վրա:

Նա ողջ է մնացել իր հավատի և տուն վերադառնալու մեծ ցանկության շնորհիվ: Նրան պահեց ու հայրենի օջախ բերեց այն խաչը, որ սարքել էր նրա Սուրեն պապը, որ վզին էր պատերազմական բոլոր օրերին: Ապա ավելի մեծ ու երկաթե 2 խաչ էլ, մեկ, թե մեկ ու կես մետր բարձրությամբ, նրա քեռին էր զոդել, որոնցից մեկը Սմբատն ուղարկել է դիրքեր, իսկ մյուսն իրենց դիվիզիոնի մոտ գտնվող մատուռի գմբեթին են ամրացրել: Ապա կրակային դիրքերում Սմբատն է անձամբ սարքել մեկից մեկ ու կես մետր բարձրություն ունեցող փայտե խաչ և տեղադրել նույն կրակային դիրքին կից բարձունքում՝ լեռան գագաթին, որի վրա փորագրել էր իր անունը: Այն տեղադրել է ի լուր համայն աշխարհի, որ հայը միշտ ապրող ու արարող է իր սուրբ խաչի շնորհիվ: Եվ այո՛, Սմբատը ողջ մնաց այս խաչերի շնորհիվ: