Ահա, թե ինչ իրականում արեցին ադրբեջանական ու խորհրդային զորքերը ՈՍԿԵՊԱՐԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ. սա չպիտի մոռանանք

1991թ․ մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը խորհրդային զորքերը պատժիչ գործողություններ են իրականացնում Հայաստանի հյուսիսում, սպանվում են 18 հայեր։

Խորհրդային զորքերը պատժիչ գործողություններ են իրականացնում Հայաստանի հյուսիսում: Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերն արդեն մեկ շաբաթ շրջափակված Ոսկեպար գյուղում սպանվում են 18 հայեր, հիմնականում՝ ոստիկանության աշխատակիցներ, մի քանիսը` գերվում, վիրավորվածներից երեքը մահանում են Գյանջայի բանտում:

1991թ. մայիսին Մոսկվայի Մանեժյան հրապարակում ՌՍՖՍՀ պատգամավոր Անատոլի Շաբադը, ով մի քանի օր առաջ եղել էր Ոսկեպարում և եղեռնագործության ականատեսը դարձել, ասել է, որ կատարվածը «կենտրոնի և ադրբեջանական կառավարության« նախօրոք ծրագրած գործողություն էր, խորհրդային զորքերն իրականացրել են «ահաբեկչություն, սպանել և զինաթափել օրինական ոստիկանությանը»:

Խորհրդային դեսանտայինները Ոսկեպարի կամավորական խմբավորումներին զինաթափելու պատրվակով շրջափակում են գյուղը: Ոստիկանության նախկին աշխատակից Գեորգի Քոչարյանը գերվել և Գյանջայի բանտում պահվել է 101 օր: Նոյեմբերյանի ոստիկանության անձնակազմը` 18 մարդ, ևս 6-ը` քաղաքացիական անձինք, մեկնում էին հերթափոխի:

Շրջափակված Ոսկեպար հնարավոր էր մտնել միայն շրջանցիկ լեռնային ճանապարհով: Խորհրդային զորքերը դարանակալել էին, հերթափոխն ընկնում է շրջափակման մեջ: Ուժերն անհավասար էին, դեսանտայիններն անմիջապես անցնում են գրոհի: Այդ 15-20 րոպեն, ողջ մնացածների մեջ հավերժ մնաց որպես մղձավանջ. նրանք արդեն գիտակցում էին՝ ինչ ճակատագիր էր իրենց սպասվում: