Րաֆֆու արխիվն այդպես էլ Հայաստան չհասավ․ մի առեղծվածի պատմություն

Վերջիվերջո, Րաֆֆու արխիվը Հայաստան չհասավ: Ճանապարհին կա՛մ կորել է, կա՛մ չարամտաբար ոչնչացրել են։ Դա ազգային մեծ կորուստ է:  Ամբողջական արխիվը, որի մասին կան բազմաթիվ հիշատակություններ, անհետ կորած է:

Րաֆֆու հարուստ արխիվի մասին վկայություններից մեկը թարգմանիչ, նկարիչ Զավեն Բոյաջյանի նամակն է Ավետիք Իսահակյանին:  Զաբել Բոյաջյանը ծնվել էր Դիարբեքիրում։ Համիդյան ջարդերից հետո, ընտանիքի հետ տեղափոխվել էր Պոլիս, հետո էլ Լոնդոն:

 Լոնդոնահայ համայնքի ամենամեծ ու ազդեցիկ կազմակերպությունը «Լոնդոնի հայ գործավորների և ուսանողների միություն»-ն էր, որը համախմբում էր կոտորածներից փախած և Լոնդոնում ապաստանած հայերին: Միությունը ստեղծվել էր դեռեւս 1898-ին՝ Րաֆֆու այրու՝ Աննա Րաֆֆու և նրա որդիների՝ Արամ և Արշակ Րաֆֆիների ջանքերով:

Րաֆֆին ամուսնացած էր ազգությամբ ասորի Աննա Հորմուզի հետ: Ունեցել են երեք զավակ: Դուստրը՝ Եսթերը, 12 տարեկանում մահացել է: Որդիներից ավագը՝ Արշակ Րաֆֆին, ծնվել է Թավրիզում, կրտսերը՝ Արամ Րաֆֆին, Ագուլիսում: Երկուսն էլ ավարտել են Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Րաֆֆու ընտանիքը, դատելով ժամանակի մամուլի հրապարակումներից, ֆինանսական ծանր կացության մեջ է եղել:

Այն, որ Րաֆֆին մեծ արխիվ է ունեցել, որից շատ ձեռագրեր ու նյութեր են առգրավել ցարական ժանդարմները՝ նրա տան խուզարկության ժամանակ, վկայում է հենց Րաֆֆու նամակը։ Րաֆֆու մահից անմիջապես հետո նրա բարեկամները՝ կնոջ հետ միասին, հավաքելով բոլոր ձեռագրերը՝ կնքել են տալիս: Րաֆֆու ընտանիքի մասին քիչ տեղեկություններ կան: Եվ դրանք, հիմնականում, մեզ են հասել Զաբել Բոյաջյանի շնորհիվ.

Արշակ Րաֆֆին մահացավ 1946 թվականին, 67 տարեկանում, անժառանգ: Միակ ժառանգությունը հոր թանկարժեք արխիվն էր, որը թողեց իր իռլանդուհի կնոջը:

Զաբել Բոյաջյանի գրած նամակում ասվում է, որ Արշակ Րաֆֆու կինը՝ իռլանդուհի Ալեքսանդրան, փաստորեն, մտադիր էր նրա ձեռագրերն ու նամակները նվիրել Հայաստանի Գրականության թանգարանին: Նա փաստաթղթերով լեցուն մի արկղ հանձնել է Լոնդոնի Խորհրդային դեսպանատուն՝ Հայաստան տեղափոխելու համար: Բայց նա չգիտի՝ ի՞նչ է եղել այդ արկղը`այն Հայաստան չի հասել և մինչ օրս Րաֆֆու արխիվի գտնվելու մասին որևէ վկայություն չկա: