«Տատս նրա համար վերջին անգամ գաթա թխեց, բայց այն մինչև հիմա մնացել է սեղանին». անհայտ պատմություններ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ կյանքից

Իմ պատկերացումներում հորեղբայրս «արջի» (այդպես ինքն էր ասում իր մասին) կերպար չունի: Շատ ավելի մարդամոտ էր անձնական հարաբերություններում և ազնիվ ու մեծ նվիրումով իր գործում,հիշում է Վազգեն Սարգսյանի զարմուհին:

Հորեղբորս տունը կառուցելուց հետո, երևի թե նոր էին տեղափոխվել այդ տուն, հորեղբայրս քույրիկներիս ու եղբայրներիս հետ սկսել են ջերմուկով ջրոցի խաղալ, հաշվի չառնելով, որ տունը նոր է վերանորոգված։ Ամբողջ պատերը թացացել էին, ու հենց այդ պահին, երբ տեսել է, որ տատիկն է գալիս, ասել է․ «Երեխեք փախանք, տատին եկավ», ու առաջինը ինքն էլ վազել է, որ տատիկը չջղայնանա։

Սպարապետը իր տեսակով շատ նրբանկատ է եղել ու բոլորի հանդեպ միշտ ուշադիր։ Փորձել է ցանկացած հավաքների ընթացքում բոլորի հետ հասցնել շփվել, զրուցել։ Մի գեղեցիկ պատմություն պատմեմ։ Տատիկիս 60-ամյակին, երբ միջոցառումն արդեն վերջացել էր, և բոլորը պետք է տուն գնային, հորեղբայրս սրահում գտնվող բոլոր կանանց ծաղկեփունջ է նվիրել։

Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում նրա ամբողջ կյանքն է ցուցադրված՝ օրորոցից մինչև տատիկիս պատրաստած վերջին գաթան, որը այդպես էլ մնացել էր նրա սեղանին: