«Երեք լուր ստացա՝ մեր տունը թուրքերը վառել են, գյուղը գրավել են, ամուսինս էլ զոհվել է». զոհված ՀԵՐՈՍԻ կնոջ կյանքը միանգամից փոխվեց

Արցախյան պատերազմի ժամանակ՝ հայրենիքը պաշտպանելիս, զոհվել է 30-ամյա Նանար Սարգսյանի ամուսինը՝ 30-ամյա Մաքսիմ Սարգսյանը։ Կնոջ խոսքով՝ պատերազմն ամբողջությամբ փոխել է իրենց կյանքը:

«Տեղահանվելուց հետո երեք լուր ստացա՝ մեր տունը թուրքերը վառել են, գյուղը գրավել են, ամուսինս էլ զոհվել է։ 360 աստիճանով փոխվեց մեր կյանքը»,- հուզմունքը զսպելով ասում է 31-ամյա Նանար Սարգսյանը։

Կինն ամուսնու հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 3-ին, հաջորդ օրը լսել է ամուսնու զոհվելու մասին:

«Վերջին օրը որ խոսեցինք, ասեց՝ դրությունը շատ վատ ա, որ չզանգեմ, չվախենաք, ասեց՝ երբ հարմար լինի, կզանգեմ։ Նոյեմբերի 4-ին՝ առավոտյան ժամը 11-ին, իրա էդ վատ լուրը մեզ հասավ։ Բարեկամից իմացանք։ Մեզ սկզբում ասել էին՝ վիրավորվել ա, հետո ասեցին, որ զոհվել ա: Պուլիմյոտը որ խփել ա, իրա աչքի տակով մտել ա, գլխի հետևով դուրս եկել։ Ինքը տեղում զոհվել ա»,- ասում է կինը։

Նանարն ամուսնու և անչահաս երեխայի հետ մինչ պատերազմը բնակվել է Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում, որտեղ ունեցել են տուն, հողամաս։ Ասում է՝ մինչև պատերազմը հրաշալի ապրում էին․ «Մենք ուրիշ ձևի զույգ էինք, ամենալավ ձևով իրա երեխուն հագցնում էր, ինձ հագցնում էր, իրա ծնողին նվիրված, շատ համեստ, խելացի մարդ էր, շատ հավասարակշռված»։

Այժմ Նանարի ամուսնու ծնողները Ստեփանակերտում հյուրանոցում են ապրում, ինքն էլ երեխայի հետ՝ ծնողների տանը:

Նշում է, որ պատերազմն այնքան դառնություն ու ցավ է բերել, որ նկարագրել հնարավոր չէ, հիմա կյանքին միակ իմաստը հաղորդում է երեխան: Կինը չի կարողանում համակերպվել ամուսնու կորստյան հետ, ասում է՝ տունն էլ հիշում է, կարոտում է, բայց ամենացավեցնողը ամուսնու զոհվելն է: