«Ինքը ղեկին նստած համարյա 200 վիրավորի կյանք ա փրկել, բայց իրան խփել են հենց ղեկի վրա». 32-ամյա Սեդան պատմում է ՀԵՐՈՍ ԱՄՈՒՍՆՈՒ մասին

Ոնց որ ամբողջ աշխարհը փլվեր գլխիս՝ այսպես է նկարագրում պատերազմի ժամանակ ամուսնու զոհվելու մասին լուրն իմանալը 32-ամյա Սեդա Իսրայելյանը:

Սեդայի ամուսինը՝ պայմանագրային զինծառայող 34-ամյա Ռուսլան Իսրայելյանը, զոհվել է նոյեմբերի 7-ին Դավիթ Բեկում՝ դեպի Կուբաթլու գնացող ճանապարհին՝ հերթական վիրավորին օգնության հասնելու ժամանակ շրջափակման մեջ հայտնվելով։

Ընտանիքը Ռուսլան Իսրայելյանի մահվան մասին իմացել է երկու օր անց՝ նոյեմբերի 9-ին։

«Իր զորամասից ինքը առանձնացել է, շտապօգնության վարորդները հրաժարվել են առաջնագիծ մտնելուց, ինքը բժշկին տեսել ա, խոսացել են: Բժիշկն ասել ա՝ վարորդները հրաժարվում են, համ քշում եմ մեքենա, համ վիրավորներ եմ հանում: Ինքը նստել ա ղեկին, ասել ա՝ դու չես կարող երկու գործ միանգամից անես, ես իմ գործը կանեմ, դու՝ քոնը, որ ավելի արագ ստացվի, ավելի շատ մարդու կյանք փրկենք։ 

Բժշկի ասելով՝ ամուսինս 200 վիրավոր զինվորի կյանք ա փրկել,- ասում է Սեդան և շարունակում,- հերթական վիրավորի հետևից գնալով՝ մեքենայով շրջափակման մեջ են ընկել: Բժիշկը կարողացել ա դուրս գալ տարածքից, իսկ իրեն հենց ղեկի վրա խփել են, վիրավորումը եղել ա սրտի-թոքի հատվածում»։

Սեդա Իսրայելյանն ասում է, որ ամուսնու զոհվելուց 72 օր հետո է հնարավոր եղել հանել մարմինը, մինչ այդ հակառակորդը թույլ չի տվել այդ վայրից աճյուններ հանել:

«Հետո բերեցին, ասեցին՝ ԴՆԹ պետք ա արվի: Ասեցին՝ ինչքան էլ գիտեք, որ իր մարմինն է, բայց պարտադիր պետք է ԴՆԹ արվի: Հունվարի 18-ին մարմինը բերել են, բայց փետրվարի 8-ին նոր ԴՆԹ-ն հաստատվել է, փետրվարի 10-ին հուղարկավորությունը եղավ»,- ասում է Սեդան:

Սեդան ամուսնու՝ 34-ամյա Ռուսլան Իսրայելյանի և երկու անչափահաս երեխաների հետ մինչ պատերազմը բնակվել է Արցախի Քաշաթաղի շրջանի գյուղ Գետառում։

«Ես իրեն ասում էի՝ ես չեմ կարա էդ ամեն ինչը մենակ անեմ, հետ կգաս, ասում էր՝ ես գիտեմ, որ դու կարաս անես, դրա համար արխային գնում եմ, իմ թիկունքն ամուր ա քեզանով։

Հիմա ամբողջ ցերեկը ժպիտով եմ երեխեքի հետ, բայց երեխեքին քնացնելուց հետո արդեն հուշեր, թախիծ, տխրություն»,- հուզմունքը զսպելով ասում է կինը։