«Արցախյան տարբեր պատերազմներում կորցրել եմ հորս, եղբորս, իսկ վերջին պատերազմի ավարտից ընդամենը ժամեր առաջ՝ ամուսնուս». 38-ամյա Նունեի ՀՈՒԶԻՉ պատմությունը

Չկա սփոփանքի որևէ խոսք, որ կարող է մեղմել կամ ամոքել 38-ամյա Նունե Գրիգորյանի վիշտը։ Արցախյան տարբեր տարիների պատերազմներում Նունեն կորցրել է հորը, եղբորը, իսկ վերջին պատերազմի ավարտից ընդամենը ժամեր առաջ՝ ամուսնուն։

«Շատ վատ ապրումների մեջ եմ, էդքան տարի երջանիկ ապրել ենք ու հիմա (ընդհատում է խոսքը)… հա՛մ իրան եմ կորցրել, հա՛մ տուն եմ կորցրել, իմաստ չկա ոչ մի բանի մեջ, իմաստ չեմ տեսնում, դաժե երեխեքը ոչ մի բան չեն փոխում»,- հուզմունքով ասում է Նունե Գրիգորյանը։

Նունեն և ամուսինը՝ Հարութ Պետրոսյանը, մինչև պատերազմն ապրել են Քաշաթաղում, երկուսն էլ դպրոցում են աշխատել որպես ուսուցիչ։ Նունեն լեզու և գրականություն է դասավանդել, ամուսինը՝ ռազմագիտություն։ Արցախյան վերջին պատերազմը խլեց ընտանեկան երջանկությունը և ներդաշնակությունը:

Իմ երկրորդ ամուսինն ա եղել, առաջին երկու երեխես առաջին ամուսնուցս ա, ինքը գնացել ա Ռուսաստան ու չի եկել։ 5 տարի ամուսնացած էինք Հարութի հետ, պստիկս ծնվեց, հիմա 3 տարեկան է: Իր հետ կյանքը շատ երջանիկ էր, ինքը տարբերություն չէր դնում իմ երեխաների մեջ»,- հիշում է Նունեն:

Հարութ Պետրոսյանը հայրենիքի պաշտպանությունն իրականացրել է Մարտունիում, զոհվել է նոյեմբերի 9-ին՝ պատերազմի դադարեցումից մի քանի ժամ առաջ՝ վիրավոր ընկերոջը փրկելիս:

«Նոյեմբերի 9-ին զանգեց, իմ հետ խոսաց, դրանից 15 րոպե հետո՝ արդեն կռիվը կանգնելու վերջին պահին, ընկերոջ հետ գնացել ա մյուս ընկերոջը փրկելու, զոհվել ա, մյուս ընկերը վիրավորվել ա։ Էդ ժամանակ է՛լ ԱԹՍ կար, է՛լ սամալյոտ կար, մտել են՝ ինչքան պոստեր կան, ռմբակոծել են, 86 հոգի միանգամից զոհվել են էնտեղ, շատ քիչ մարդ է փրկվել:

էդ գիշերը որ գրեցին ինտերնետում՝ կռիվը պրծել ա, քույրիկս եկավ, ուրախացած արթնացրեց։ Ես էլ ուրախացա, ասեցի՝ վերջ, երեխաս էլ փրկվեց, ամուսինս էլ։ Մեծ տղաս մնացել էր Քարվաճառում, ասել էր՝ մինչև ինքը չգա, ես չեմ գա, իրենք շատ կապված էին իրար հետ։ Հաջորդ օրը սկեսուրս զանգեց, ու իմացա, որ Հարութը զոհվել ա։

Մեծ տղաս էլ շատ ծանր տարավ. գյուղացիք զանգել էին, ասում էին, որ իմացել ա մահվան մասին, ուշաթափվել ա, սրսկել են, ուշքի բերել։ Պստիկը չի հասկանում, գնում ա նկարի հետ ա խոսում, տեսնում ա՝ չի արձագանքում, նկարի հետևն ա նայում, իմանում ա, թե նկարի հետևն ա»,- հուզված ասում է Նունե Գրիգորյանը։ 

Արցախ վերադառնալ ևս պլաններում չկա, ասում է, որ չի կարող այս ամենից հետո իր մեջ ուժ գտնել և գնալ:

«Արցախ չեմ կարա գնամ, մի անգամ եմ գնացել՝ թղթերի հետ կապված, ամբողջ ճանապարհին լացել եմ, վախենում էլ եմ։ Հիմա չեմ կարա, միգուցե հետո, որ իմանանք հաստատ լավ ա լինելու, էդ ժամանակ մտածեմ։