«Գյուղից դուրս էինք գալիս, ամբողջը՝ սաղ վառված մեքենաներ, ծխի մեջ կորած». 39-ամյա Ինգան կորցրել է Հադրութի տունն ու ՀԵՐՈՍ ԱՄՈՒՍՆՈՒՆ

39-ամյա Ինգա Հայրիյանը պատերազմի օրերի ու կորուստների մասին խոսելիս չի կարողանում արցունքները զսպել, ցավն անչափելի է, կսկիծը՝ մեծ։ Ասում է՝ կյանքը լիովին շրջվել է: Պատերազմի ժամանակ զոհվել է Ինգայի ամուսինը, կորցրել է տունն ու ապրուստը:

Ինգան և իր ընտանիքը մինչ պատերազմը բնակվել են Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղում։ Պատերազմի առաջին օրերին երեխաները գյուղի մյուս երեխաների հետ տարհանվել և տեղափոխվել են Երևան, ամուսինը՝ 44-ամյա Բորիս Հայրիյանը, մեկնել է առաջնագիծ: Ինգան ամուսնու մոր հետ մինչև հոկտեմբերի 10-ը մնացել է գյուղում, մինչև հակառակորդը մոտեցել է գյուղին, և ստիպված թողել են տունն ու տեղափոխվել Գորիս։

«Սեպտեմբերի 27-ին ամուսինս գնաց առաջնագիծ։ Առաջին 3 օրը ոչ մի տեղեկություն չունեի, չգիտեի՝ թե ո՛ր հատվածում է: 3 օրից զանգեց, ասեց, որ 3 օր տարբեր շրջափակումների մեջ ա եղել, մի կերպ ազատվել է շրջափակումից»։ 

«Գյուղից դուրս էինք գալիս, ամբողջը՝ սաղ վառված մեքենաներ, ծխի մեջ կորած։ Գալիս ենք՝ Լաչինի մոստն էլ պայթեցրած, մի կերպ անցնում ենք ուրիշ հատվածով։ Գնացինք Գորիս, ամուսնուս ընկերոջ տանը մնացինք։ Հետո ծնողներս միացան»,- պատմում է Ինգան։

Ինգան ամուսնու հետ վերջին անգամ կապ է հաստատել է հոկտեմբերի 20-ի առավոտյան, կեսօրին որոշել է գնալ Երևան, երեխաներին այցելել, զանգել է, որ տեղեկացնի որոշման մասին, բայց զանգերն անպատասխան են մնացել:

Ինգայի ամուսինը՝ Բորիս Հայրիյանը, զոհվել է վիրավոր ընկերոջը օգնության հասնելիս: 

«Հետո զանգեցի մի ուրիշ տղայի, որ վիրավորվել ա էնտեղ: Ասեց՝ գյուղամեջում կանգնած խրամատ էին փոխում, իրանց հերթն էր էդ ժամանակ: Էդ տղան էլ էնտեղ իրենց հետ կանգնած է եղել, ասում ա՝ զգացի որ վիրավոր եմ, ասեցի՝ Բորի՛ս, ես վիրավոր եմ, արի հետ գնանք, դուրս գանք, վիճակը լավ չի: Բորիսը շրջվեց, ասեց՝ ես էլ եմ վիրավոր, աջ թևս արյան մեջ ա, բայց չեմ կարա քո հետ գամ, ընկերս վիրավոր պառկած ա, սպասի, գնամ իրան էլ վերցնեմ: Վազելով գնացել ա վիրավոր տղու հետևից ու չի հասցրել։ Միանգամից թուրքի սնայպերը խփել է գլխին, ու ընկել է։

Գնաց վիրավոր ընկերոջը փրկի ու չհասցրեց։ Բորիսը միանգամից ա զոհվել, իսկ ընկերը արնաքամ լինելով ա զոհվել»,- պատմում է Ինգան։ Ինգան ասում է, որ հաճախ երազում է, որ այս ամենը, ինչ կատարվեց, իրական չլիներ, կյանքն այնպիսին լիներ, ինչպիսին մինչև պատերազմն էր․ «Երանի եմ տալիս, որ այս ամենը սուտ լիներ, բայց…»- խոսքն ընդհատում է կինը:

Այժմ Ինգային ուժ է տալիս երեխաների ներկայությունը։ Ասում է՝ գլխավոր նպատակն է, որ կարողանա երեխաներին կրթության տալ։