«Դավաճան հրամանատարի փախուստից հետո մնացել է շրջափակման մեջ ու զոհվել իր տասնյակ ընկերների հետ». կարդացե՛ք ՀԵՐՈՍ Սուրենի պատմությունը

Սուրեն Սարգսի Եսայանը ծնվել է 2002 թվականի հունվարի 15-ին մայրաքաղաք Երևանում: Սովորել է տեղի ՏԱԹԵՎ դպրոցում: 12 տարեկանում Սուրենը տեղափոխվել էր Հնդկաստան՝ սովորելու, սակայն 3 տարի անց ուսումը կիսատ էր թողել հայրենիքը կարոտելու պատճառով։ Վերադարձել ու ավարտել է Երևանի թիվ 195 դպրոցը։

Ընդունվել է Երևանի Ֆրանսիական համալսարան՝ Կառավարման ֆակուլտետ, սակայն կիսատ թողնելով բարձրագույն ուսումը՝ 2020 թվականի հուլիսի 23-ին ծառայության է անցել Հայոց բանակ։

Զինվորական երդում տվել էր Մարտունիում, ապա որպես դիպուկահար տեղափոխվել Ջրական։ 18-ամյա Սուրեն Եսայանը գիտեր 5 լեզու՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հինդի։ Հրամանատարներից մեկը ինչ-որ տեքստ էր տվել Սուրենին թարգմանելու։ Հրամանատարը զարմացել էր, ասել էր՝ տղա ջան, դու այստեղ ի՞նչ ես անում, սա քո տեղը չի, երկու օր հետո կմոտենաս, կասենք՝ ինչ անես:

Սուրենն ընտանիքի անդամներից թաքցրել էր, որ մասնակցում է պատերազմին։ Ծնողները վստահ էին, որ եթե Սուրենը բանակ զորակոչվել էր 2020 թվականի հունիսին, 2 ամսվա զինծառայողին մարտական գործողությունների չեն տանի։

Հոր բոլոր զինվորական ընկերներն ասացին, որ 2 ամսվա զինծառայողին թե խաղաղ ժամանակ, թե պատերազմի ժամանակ առաջնագիծ տանելու իրավունք չկա։ Ինքն էլ զանգելիս ասում էր՝ մամ ջան, ես ապահով տեղում եմ։ Լինելով 2 ամսվա ծառայող դիպուկահար, ակտիվ գործողությունների մեջ է մտել։

Սուրենը զոհվել է առաջին հրադադարի օրը՝ հոկտեմբերի 10-ին, Հադրութի Վանք գյուղի մոտակայքում, վերջին զանգն այդ օրն են ստացել ծնողները։ Շատ էր ուրախացել, տղաներին էլ է ասել, որ հրադադարա։ Ծնողները խնդրել են ուշադիր լինել, վերև նայել, կողքեր նայել, հիշել միշտ իրենց, որովհետև մեզ Հերոս պետք չէ, մեզ դու ես պետք:

2020 թվականի հոկտեմբերի 10-ին, ֆրանսիական համալսարանի 5 լեզուների գիտակ այս հսկան, Հադրութի Վանք գյուղի անտառներում դավաճան հրամանատարի փախուստից հետո, մնալով շրջափակման մեջ, իր տասնյակ ընկերների հետ զոհվել է հանուն հայրենի հողի։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...  
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...