Երբ Թումանյանը 10 տարեկան էր, հայրը որդուն տանում է Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու․ գիտե՞ք՝ ինչ տեսավ նա, որ որոշեց իր տղային հետ բերել գյուղ

Երբ Թումանյանը 10 տարեկան էր, 1879-ին, հայրը՝ տեր Թադեւոսը, որդուն տանում է Էջմիածին, Գեւորգյան ճեմարան, բայց տեսնելով այնտեղ «Ֆարաջավոր աշակերտների դեղնած դեմքերը եւ նրանցից մեկին էլ՝ մեռած, իր տղային հետ է բերում գյուղ», գրում է Նվարդ Թումանյանը 1946 թվականին Երեւանում լույս տեսած «Հովհաննես Թումանյանի մանկությունը» գրքում:

1879 թ.-ին Ջալալօղլում բացվում է երկսեռ դպրոց: Տեր Թադեւոսը  Հովհաննեսին՝ կրտսեր եղբոր հետ, ընդունել է տալիս այդտեղ` ուսումը շարունակելու:

Դպրոցի տեսուչը Տիգրան Տեր-Դավթյանն էր՝ ժամանակի կրթված, զարգացած դեմքերից, Գաբրիել Այվազովսկու սիրելի աշակերտներից, տեր Թադեւոսի մտերիմը: Վարսենիկը, ինչպես նաեւ Վերգինեն, որին Թումանյանը նվիրել էր սիրային իր ոտանավորը, Տիգրան Տեր-Դավթյանի դուստրերն էին: Ահա Վարսենիկի հուշերը.

Նախքան Հովհաննես Թումանյանի մանկության մասին գրելը,  անհրաժեշտ է համառոտ կերպով նկարագրել Ստեփանավանի (նախկին Ջալալօղլու) հասարակական կյանքը եւ այն դպրոցը, որտեղ մեծ պոետը ստացել է իր նախնական կրթությունը:

Ստեփանավանը զինվորական փոքրիկ գյուղաքաղաք էր: Բնակչության մեծամասնությունը հայեր էին, փոքրամասնությունը՝ ռուսները: Եվ այդ պայմաններում այս երկու ժողովուրդներն ապրում էին անջատ, ուրույն կյանքով: Ռուսները պարապում էին հատկապես գյուղատնտեսությամբ, իսկ հայերը՝ մեծ մասամբ՝ առեւտրով: Վերջիններս ապրանք էին հատուկ ստանում զինվորականության համար,եւ, միեւնույն ժամանակ, հետզհետե ենթարկվում էին այդ զինվորականության կենցաղի արտաքին ազդեցությանը. ներքին կյանքի փոփոխություն չկար. առաջադիմություն, մտավոր առաջադիմություն չէր նկատվում: Մինչեւ 1878 թ. չունեին կանոնավոր դպրոց: Եկեղեցուն կից մի փոքրիկ շենքի մեջ ուսանում էր տղաների մի խումբ՝ բաղկացած զուտ հայկական ազգաբնակչությունից, իսկ գյուղի մի ուրիշ թաղամասում պարապում էին աղջիկները, որոնց դասատուն էր մի ոմն Խանում Ջաղինյան, որին անվանում էին Խալիֆա:

Նա մորից ծնված լինելով երկու ձեռքի դաստակներից զուրկ՝ ապագայում աշխատանքի անընդունակ համարվելով, ծնողները տալիս են մի ինչ-որ սարկավագի մոտ գրել-կարդալ սովորելու: Ահա, այդ օրիորդի մոտ սովորում էին 6-ից մինչեւ 15 (տարեկան-Լ.Ա.)  գյուղի աղջիկները:

Չնայած հասակների այդ մեծ տարբերությանը՝ բոլորի համար էլ միեւնույն «այբբենարանն» էր,ինչպես անվանում էին այն ժամանակ: Այս դպրոցը թե՛ իր խստության եւ թե՛ «մանկավարժական» այլանդակությունների տեսակետից չէր տարբերվում Տեր Թոդիկի դպրոցից: 1878 թ. Տիգրան Տեր-Դավթյանի ջանքերի շնորհիվ բացվում է առաջին երկսեռ դպրոցը, որտեղ առանց խտրականության՝ սկսում են թե՛ հայ եւ թե՛ ռուս մանուկները սովորել: