Ղարաբաղյան ազատամարտի տարիներին նրա հուժկու ձայնը ոգեշնչում էր բոլորին․ մի երգչի պատմություն

Ղարաբաղյան ազատամարտի տարիներին ոչ միայն մեր բազուկն էր առնական, այլև հոգին, միտքը, քանի որ մեր կենցաղը, մեր կյանքը ողողված էին հայրենասիրական գաղափարներով, ամենուրեք եթերից հնչում էին հոգին թունդ հանող ազգային ու հեղափոխական երգեր, որոնք խորհրդային տարիներին իբրև ազգայնամոլական գաղափարներ հրահրող երգեր արգելված էին:

Դվալենց գերդաստանից Սահակ Սահակյանը, ով ժառանգելով հորական պապի` Սահակի և Մկրտիչ հոր երգելու տաղանդը` ի ցույց էր դրել իր երաժշտական տաղանդը, որը հետագայում նախասիրությունից վերածվեց հիմնական մասնագիտության: Նա սկսեց երգել նախ «Ակունք» ազգագրական երգի համույթում, հետո «Մարաթուկ»-ում, որտեղ ազգագրական-հեղափոխական երգեր էր կատարում:

Հետո նրան հրավիրեցին Հայաստանի ժողգործիքների պետական նվագախումբ` որպես մենակատար: Նրա գեղեցիկ, հուժկու ձայնը ոգեշնչում էր ազգային ոգով տոգորված ժողովրդական զանգվածներին, հայ մարտիկներին, վարակում նրանց մեր քաջարի ֆիդայիների հերոսականությամբ ու հայրենիքին նվիրվելու վճռականությամբ: Նրա հայտնի երգերից էր «արթնացեք, տղաներ»-ը, որը գրվել է 1988-ին: