Ո՞րն էր պատճառը, որ ֆիդայիներն իրավունք չունեին ամուսնանալ կամ էլ սիրած աղջիկ ունենալ

Հայկական պատմության էջերը թերթելիս հանդիպում ենք այնպիսի անունների ինչպիսին են Շաքե, Մարիամ, Ցրոնքի Շուշան, Անթառամ, Փառանձեմ և շատ ուրիշ հերոս կանայք, բայց հայդուկներին արգելված էր ամուսնանալ։ Ֆիդայու սուրբ պարտականությունն իր կյանքը հայրենիքին նվիրելն էր, իսկ այդ ճանապարհին ամուսնությունը վնասակար էր համարվում։

Դա փաստում եմ մի շարք պատմություններ, ներկայացնենք մի քանիսը։ Սերոբի զինվորներից արհեստով դարբին Մոտկանցի Սիմոնը, որը քաջության համար թուրքերից ստացել էր Ազրայիլ անունը վարդավառի մի օր 3 ֆիդայիների հետ մտնում է Դատվան գյուղը:

Կառավարությունը իմանում է հայդուկների՝ գյուղում լինելու մասին ու ձերբակալում են Աշոտի կնոջը և չարչարելով պահանջում ասել հայդուկների տեղը։ Կինը, չդիմանալով կտտանքներին, մատնում է նրանց։ Կռիվը տևում է մինչև երեկո ու հերոս ֆիդայինները զոհվում են։

Հայտնի ֆիդայիններից մեկն էլ Մոսոն էր։ Նա կապ էր պահպանում Կովկասի ու Սասունի միջև։ ԵՎ՛ ֆիդայի էր, և՛ սուրհանդակ, և՛ զինակիր։ Մոսոն նշանած ուներ, բայց ֆիդայիներին թույլատրված չէր տեսնվել նշանածի հետ։ Մի օր, երբ Կովկաս գնալիս նրանց խումբը անցնում էր գյուղի կողքով, Մոսոն համոզում է ընկերներին սպասել իրեն մոտակա լեռան վրա, իսկ ինքը մեկ օրով մտնում գյուղ՝ նշանածին տեսնելու։

Ոստիկանությունը իմանում է և Խնուս քաղաքից զորքեր բերելով` պաշարում գյուղը։ Մոսոն, չկարողանալով այլևս փախչել, մարտի է բռնվում ու զոհվում։ Հայտնի է նաև, որ Աղբյուր Սերոբի ու Գևորգ Չաուշի կանանց առիթով երկպառակություններ են ծագել ֆիդայիների միջև, թեև և՛ Սոսեն, և՛ Եղսոն եղել են կռվող կանայք։