«Գերիների տեսանյութ էին քցել, ամուսինս ոնց որ 80 տարեկան պապիկ լիներ». Ղարախանյանների ընտանիքը պատերազմից հետո ուշքի չի գալիս

Արցախյան պատերազմի հետևանքով Արսեն Ղարախանյանի ընտանիքի անդամները կսկիծն ու դառնությունը հաղթահարել չեն կարողանում։ Արսեն Ղարախանյանի կինը՝ 39-ամյա Վարդուհի Ղարախանյանը, պատմում է, որ ամուսինը կամավոր մասնակցել է Արցախյան պատերազմին, ապա գերեվարվել, իսկ այնուհետև սպանվել հակառակորդի կողմից։

«Ամուսինս կամավորական էր գնացել, նոյեմբերի 8-ին վերջին անգամ տղայիս հետ ա խոսել, ամսի 9-ին զանգել ենք, էլ չի պատասխանել։ Ինքը կռվում էր, նույն օրը գնացել էր հորը հանի Հադրութից, որ փրկի, թուրքերը մտել էին Հադրութ։ Եվ նոյեմբերի 9-ից մինչև հունվարի 6-ը իրենից լուր չունեինք։ Մինչև հունվարի 7-ին տեսանք տեսանյութը»,- ասում է Վարդուհին։

Վարդուհու մեծ աղջիկը ադրբեջանական աղբյուրներից մեկում տեսնում է տեսանյութ, որում դժվարությամբ, բայց կարողանում է ճանաչել անճանաչելի փոխված հորը։

«Մի երկու անգամ նայեց, հետո բարձր լացելով ասեց՝ մամ ջան, պապան ա։ Երեխեքը շատ դժվար ճանաչեցին, բայց ես իսկույն ճանաչեցի, իրան տանջել էին, շատ էին տանջել, ինքը ոնց որ 80 տարեկան մարդ լիներ էդ տեսահոլովակում, ես իրա ձենից ճանաչեցի՝ առանց իրա նկարը նայելու։

Մենք որ տեսանք տեսանյութը, որ գերեվարված է, ուրախացել էինք, որ հեսա, ուժե վսյո, չեն կարա բան անեն, հետ կգա»,- հուզվում է Վարդուհին։ Այնուհետև պատմում է, որ այդ ժամանակ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, Կարմիր խաչին՝ տեղեկացնելով, որ տեսել են տեսանյութում։ Ասում է, որ հույսով սպասում էին, որ ամուսինը կվերադառնա տուն, մինչև հայտնեցին ամուսնու սպանվելու գույժը։

«Մենք գիտեինք, որ գերեվարված էր: Իմ սկեսրայրիս 44 գերիների մեջ բերել էին, իրան հարցրեցինք՝ տեսե՞լ ես Արսենին, ասեց՝ մենք իրար տեսել ենք, բայց մեզ առանձին-առանձին են տարել։

Հունվարի 18-ին ամուսնուս քուրը զանգեց, ասեց, որ Արսենը չկա: Ասեցի՝ ի՞նչ ես ասում, ասեց՝ գերի ժամանակ Հադրութում սպանել են։ Հադրութի մի գյուղում, որտեղ Կարմիր խաչը գնացել էր անհայտ կորածներին ման գալու, տեսել են վեց զինվորի հետ Արսենին սպանված ու թաղած։

Բժշկական թուղթը ցույց է տվել, որ հունվարի 15-ին են սպանել։ Հունվարի 18-ին երեխաներիս հետ գնացինք Ղարաբաղ ու երկու օր հետո՝ հունվարի 20-ին՝ ամուսնու ծննդյան օրը, իր թաղումն եղավ»,- հուզմունքով պատմում է Վարդուհին։

Ասում է՝ մինչև հիմա ուշքի չեն գալիս կատարվածից, իրենից ավելի հոգեբանական ծանր վիճակում են չորս երեխաները, որոնցից երեքն անչափահաս են:

«Հիմա մենք չգիտենք՝ ոնց ա օրը մթնում, ոնց լուսանում։ Էն վիճակն ա, որ ո՛չ առավոտը գիտեմ, ո՛չ կեսօրը, ոչ գիտեմ կերած եմ, ոչ գիտեմ կուշտ եմ, ամբողջ օրը մտքերս ամուսնու հետ են։ Երեխեքը ինձանից ավելի վատ վիճակում են, ամեն օր մի բան հիշում են, լացում են, երեխեք են․․․»,- ասում է Վարդուհին։