Հայերն ու խորհրդային իշխանության վայրագությունները 1930-1938 թթ.

1930-1938 թթ. հայտնի են, որպես բռնությունների ծայրահեղ դրսևորման, ճնշումների, գնդակահարությունների մի ժամանակաշրջան, որի ընթացքում Խորհրդային Հայաստանում ձերբակալվեց մոտավորապես 15 հազար մարդ, իսկ նրանցից մոտ 4500-ը գնդակահարվեցին։ Հենց այդ նույն ժամանակաշրջանում փակվում էին եկեղեցիները, և դրա հետ մեկտեղ գնդակահարվում էին նաև մեծ թվով հոգևորականներ։

Այդ թվականներին գնդակահարվեց թվով մոտ 91 հոգևորական։ Այս թվերը միգուցե մի փոքր ավելին պիտի լինեն, կամ էլ մի փոքր պակաս, սակայն սրանք ցույց են տալիս, թե իրականում ինչ էր կատարվում այդ տարիներին։

Խորհրդային իշխանությունները անողոք էին անգամ անչափահաս երեխաների նկատմամբ։ 1940 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ՝ 12-ամյա երեխաներին կարող էին գնդակահարել, օրինակ, երկաթգիծը կամ այլ շինություններ վնասելու դրդապատճառով։ Այդ էր պատճառը, որ խորհրդային բանտերում ու ճամբարներում գտնվողների 48 %-ը կազմում էին 16-24 տարեկանները։

Աքսորավայրում մարդիկ օրական ստանում էին 1 բաժակ տաք ջուր և 200 գրամ հաց, և երբեմն ոմանք դա էլ չէին ստանում, ինչ-ինչ պատճառներով։ Եվ շատ դեպքերում լինում էր, որ մարդկանց սովն այնքան էր տանջում, որ գոյությունը պահպանելու համար ստիպված էին ուտել մարդկային միս։