«Թուրքերը ոստիկան ամուսնուս զոհվելու տեսանյութը համացանցում էին դրել, մենք էդպես տեսանք». կինը ՀԵՐՈՍ ամուսնու՝ Արսեն Հարությունյանի մասին

Արցախյան պատերազմը գլխիվայր շրջել է Հարությունյանների ընտանիքի կյանքը։ 37-ամյա Սիրուշ Սիմոնյանի ամուսինը՝ Արցախի Հանրապետության ոստիկանության ՊՊԾ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արսեն Հարությունյանը, հայրենիքը պաշտպանելիս զոհվել է հոկտեմբերի 15-ին։

Կինը՝ Սիրուշ Սիմոնյանը, դեռևս չի կարողանում համակերպվել նոր իրականությանը։ Ամուսնու զոհվելու հանգամանքը ծանր հետևանք է թողել նաև առողջական խնդիրներ ունեցող կրտսեր աղջկա վրա:

Անձնվեր, հայրենասեր, նվիրված ամուսին էր, լավ հայր, աննման զավակ, լավագույն ընկեր, ազնիվ, քաջ ոստիկան։

«Փոքր աղջիկս խնդիրներ ունի՝ զարգացման հապաղում, ցավոք, պատերազմից հետո, պապային կորցնելուց հետո ավելի վատացավ վիճակը, անընդհատ գոռում էր, բղավում էր, պապա էր կանչում, առ այսօր ինքն ամեն օր պապային ա փնտրում։ Քանի որ չի խոսում, ինքը իր ձայնով ա կանչում, նկարին ա նայում, ասում ա՝ պապան գա: Հոգեբանների ասելով՝ ինքն ամեն ինչ լավ հասկանում ա, չնայած չի խոսում»,- հուզմունքով ասում է մայրը։

Արսեն Հարությունյանը զոհվել է Հադրութում ԱԹՍ-ի հարվածից, երբ փորձել է օգնության հասնել ընկերներին:

«Ինքը երեք անգամ հայտնվել էր զասադայում (դարանի մեջ), հետո ականանետի տակ էր ընկել, բայց փրկվել էր, ԱԹՍ-ի հարվածից զոհվեց։ Ընկերներն են պատմել էս մասին, նույնիսկ թուրքերը տեսանյութ են դրել, էդպես էլ ենք տեսել»,- հուզմունքով ասում է կինը։

Թեև Սիրուշը երեխաների հետ վերադարձել է Ստեփանակերտ, բայց նշում է, որ անհանգստությունն ու վախը հանգիստ չեն տալիս, իսկ ապագան դեռ անորոշ է պատկերացնում:

«Ստեփանակերտում մենք տուն ունենք, նորմալ վիճակում է, Հայաստանում չէինք կարող երկար մնալ։ 90-ականների մենք էլի պատերազմ տեսանք, բայց երբ վերադարձանք, խաղաղ ապրում էինք, կողքերը թուրքեր չէին, թուրքերը հիմա մեր գլխավերևում են։

Աղջիկս դպրոց ա հաճախում, ամեն քայլափոխի զանգում եմ, չգիտեմ՝ թուրքը Ստեփանակերտ մտնում ա, թե չէ։ Վերջիվերջո, թուրք ա, չես կարող գուշակել, թե մտքին ինչ կա։ Ես էսօր դեռ ոչ մի լավ բան չեմ տեսնում, քանի գնում, ավելի եմ մտահոգվում երեխաների ապագայով։ Ոչ մի լավ բան չեմ մտածում»,- մտահոգ նշում է Սիրուշը։