Արտյոմն իր պապերի արժանի զավակն էր․ նա գերադասում էր մեռնել, քան թշնամու ոտքերի տակ տեսնել իր հայրնեի հողը

2001 թ.-ի մարտի 16 ին Երևանում ծնված Արտյոմ Հովիկի Բաբայանը մեկն է այն հայորդիներից, ով հայրենիքի համար կռվում չխնայեց ամենաթանկը` կյանքը։ Դպրոցում Արտյոմի սիրած առարկան Հայոց պատմությունն էր։ Նա շատ հայրենասեր էր։

Մայրը պատմում է, որ միշտ զրույցների ընթացքում ասում էր, որ գերադասում է մեռնել, քան իր սուրբ հողը թշնամու ոտքերի տակ տեսնել, նա ուզում էր դառնալ իր պապերի արժանի զավակը։ Ասում էր, որ մեր պապերը նահատակվել են, որպեսզի ապրի իրենց երկիրը, պահպանվի իրենց պատիվն ու արժանապատվությունը:

Մեր հերոսը սովորելուն զուգահեռ աշխատում էր։ Ավարտելով Երևանի պետական բժշկական հենակետային քոլեջը, 2019 թ-ին զորակաչվել է հայոց բանակ։ Ծառայում էր, Որոտանի զորամասերից մեկում, Բուժակ էր։ Կրտսեր սերժանտի կոչում ուներ։

Իր տեսակով ընկերասեր, կատակասեր անձնավորություն էր։ Տան անդամները Արտյոմի մասին միշտ ժպիտով են խոսում, ներկայով։ Ահա թե ով է իսկական հերոսը` նա, ով պայքարում է հանուն ազգի խաղաղության, ում համար սեփական կյանքից ավելի կարևոր է ազգի պաշտպանությունն ու ամրությունը: 2020 թ պատերազմի օրերին բժիշկը փրկելով տասնյակ վիրավոր ընկերների կյանքը, անմահացավ Հոկտեմբերի 15-ին։