«Ուզում եմ իմ որդուն էլ «Մարտական խաչ» տրամադրեն. նա արժանի է դրան». ՀԵՐՈՍ Էդգար Գրիգորյանի մայրը՝ որդու մասին

Ժամկետային զինծառայող Էդգար Գրիգորյանը 44-օրյա պատերազմի ժամանակ իր հրամանատարի հետ մարտեր է վարել առաջնագծից՝ Ջաբրայիլի ամենավտանգավոր 128 հենակետից: Էդգարը 21-րդ դարի ՀՀ առաջին քաղաքացին էր, ծնվել էր 2001 թ-ի հունվարի 1-ին :

«Սեպտեմբերի 26-ին զանգեց, ասեց` մամ ջան, բան չեմ ուզում, մենակ ձեռքիդ թխած գաթան եմ ուզում, մի հատ կծեմ` կարոտդ առնեմ… հաջորդ օրը սկսեց պատերազմը»: Ժամկետային զինծառյողի մոր հիշողությունն է` որդու հետ վերջին խոսակցության մասին:

Տիկին Վարսիկը պատմում է, որ որդու որոնողական աշխատանքները երկար են տեւել, ինչի ընթացքում իր առողջությունը կտրուկ վատացել է ու այլեւս չի դիմացել ցավին ու լարվածությանը.

varsik

«Նոյեմբեր ամիսն էր, ՊՆ-ի դիմաց էինք, ես կոմայի մեջ ընկա: Ինձ տարան հիվանդանոց… դեկտեմբերի վերջն էր, երբ տղայիս գտան: Իմ ընտանիքը` քույրս, մյուս տղաս գիտեին, որ ինքը զոհվել է, բայց ինձ չէին ասում…ինքը իր հրամանատարի հետ է եղել, երկուսով բոյ են տվել… անցնում է որոշ ժամանակ, Էդգարիս շրջապատում են, տանկը նրա կողքն է խփում, ինքը նորից վեր է կենում ու շարունակում է կռվել… ամսի 23-ին նրա արարողությունն է եղել, հիմա ինքը Եռաբլուրում է… Ես իրեն չեմ տեսել: ԴՆԹ ենք տվել: Իմ հույսը էդ է, որ իրեն չեմ տեսել, հույս ունեմ, որ մի օր կգա»:

medal

Էդգարի մոր խոսքով, շատ արժանի զինվորներ այսօր չեն ստանում Մարտական խաչ շքանշանը, եւ ինքը պահանջում է, որ իր որդուն պետությունը տա այն, ինչին նա արժանի է. «Դա մի քիչ վիրավորական է: Հիմա ես ուզում եմ պահանջել իրենցից, որ ինչ որ հասնում է իմ որդուն` թող տրամադրեն: Եթե օրենքի մասին են խոսում: Օրենքով իմ որդին եկավ այս երկիր, օրենքով գնաց ծառայեց: 

Ուզում եմ, որ իմ որդուն էլ Մարտական խաչ տրամադրեն, քանի որ նա արժանի է դրան… չորս ամիս առաջ պետք է զորացրված ու տուն վերադարձած լիներ»:

edgar

Էդգարի ծառայակից ընկեր էդիկ Նադիմյանը ասում է` ընկերոջից իրեն է մնացել միայն նրա ժամացույցը. « Մի ժամ ուներ ինքը, տվել էր, որ սարքեի: Մնացել էր մոտս: Ամսի 26-ի երեկոյան զանգել էր, հարցրեl` մոտդ է, չէ՞, ասեցի` հա, ասեց` լավ կպահես, երբ պոստերից իջնենք, կսարքես: Ասեցի` խնդիր չկա: Այդ ժամը շատ թանկ էր նրա համար: Հայրն էր նվեր տվել»:

Պատերազմի մասին Էդիկը շատ չի խոսում, ասում է` ինքն ու ողջ մնացած տղաները այդ ընթացքում շատ փոխվեցին, շատ մեծացան: «Ես մենակ այն էի տեսել, որ Էդգարենց պոստից մի զենք անդադար կրակում է: Չեմ պատկերացրել, թե ով կարող է լինի: Հետո պարզվել է, որ էդգարն է»,- հիշում է Էդիկը: