Վերջին անգամ հոր հետ խոսելիս ասել էր․«Պապ ջան, ձենս կարոտել եք, դեմքս էլ կկարոտեք»․ հերոս Համլետի պատմությունը

Համլետը ծնվեց մեծ դժվարությամբ։ Բժիշկները 15 օր պայքարել են կյանքի համար։ Իրեն Աստված պահեց, կյանք տվեց այսօրվա համար: Պատմում է ադրբեջանական ագրեսիան հետ մեղելու ընթացքում զոհված Համլետ Հովհաննիսյանի մայրը:

Նա Հատուկ նշանակության ջոկատում ջոկի հրամանատար էր: Համլետը գերազանց է սովորել, մոր խոսքով՝ տանը գիրք գրեթե չէր բացում, բայց դասերը շատ լավ գիտեր։

Նա բոլորի մեջ լավ կողմ էր փնտրում ու այդ կողմի շնորհիվ լեզու գտնում, շփվում անգամ ամենաչար թվացող մարդու հետ։ Մի անգամ ասաց. «Նույնիսկ ամենավերջին հանցագործի մեջ, եթե «խորանանք», լավ բան կգտնենք»։ Ամեն ինչ սիրում էր ավարտին հասցնել։

Նա ապրում էր սիրով, խորանում էր ամեն վայրկյանի ու պահի մեջ, օգնում էր վերարժևորել ունեցածդ: Համլետը կարծրատիպեր էր կոտրում իր օրինակով, նա միայն զինվորական չէր։   Անգլերեն էր սովորում, զուգահեռ՝ ադրբեջաներենի դասընթացների մասնակցության հայտ էր ներկայացրել և ընդունվել։ Ուզում էր իմանալ թշնամու լեզուն։

Համլետը վերջին անգամ խոսել է հոր հետ։ Այն հարցին, թե երբ է գալու, թեկուզ հանգստանալու մի քանի օրով, պատասխանել է. «Պապ ջան, ձենս կարոտել եք, դեմքս էլ կկարոտեք»: