«Ամուսինս 20 տարի կյանքը նվիրել է ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, պատերազմի ժամանակ էլ արյունաքամ 40-60 զինվորի է փրկել». կարդացե՛ք ՀԵՐՈՍ Նվեր Գալստյանի պատմությունը

«Ամեն ինչ կարանք նորից ստեղծենք, մի բան կարանք անենք, բայց որ գիտես՝ ամուսինդ հետ չի գալու, եղբայրդ հետ չի գալու, էդ մտքից խեղդվում ես ու տանջվում»,- ցավից մորմոքում է 39-ամյա Ռատխա Ավագիմյանը, որի ամուսինն ու եղբայրը զոհվել են Արցախյան պատերազմի ընթացքում, Հադրութում ունեցած տունն ու ապրուստն էլ հայտնվել են հակառակորդի վերահսկողության տակ:

Ռատխա Ավագիմյանի ամուսինը՝ Նվեր Գալստյանը, սպա է եղել, 20 տարի զինվորական ծառայության մեջ է եղել, զոհվել է հայրենիքի պաշտպանելիս՝ 2020-ի նոյեմբերի 7-ին՝ ամուսնության 20-ամյակի օրը։

«Ամուսինս ու իրենց զորքը շրջափակման մեջ են ընկել, ամուսինս զորքը հանել է շրջափակումից, կարողացել է 40-60 զինվորի փրկել։ Փրկված զինվորները պատմում են, որ ամուսինս վիրավորվել է և զինվորներին հորդորել է գնալ, որ չկոտորվեն։ Ինքը՝ արյունաքամ, մինչև ուժերը հատելը զինվորներին շալակած տարել ա սկորի, էնտեղ պայթեցրել են, ինքը զոհվել է։

Էդ տղաների ծնողները որ եկան ամուսնուս հուղարկավորությանը, լացեցին, պատմեցին, որ իր արյան գնով փրկել է իրենց երեխաներին։

Ինքը շատ սրտաբաց, շատ նվիրված էր զորքին ու էդպես էլ նվիրված զոհվեց,- պատմում է կինը ու շարունակում,- տղաս էլ էր զինծառայող, Մարտակերտի կողմն էր՝ թեժ մարտերի մեջ։ Չգիտեի՝ որ մեկի համար մտածեմ։ Հետո տղայիս բաց թողեցին, եկավ, ասեց՝ մամ, պապային զանգում եմ, զանգ չի գնում, անհասանելի ա: Ես էլ չէի կարում սկզբում ասել, ո՞նց ասեի՝ հերդ չկա։ 

Երեխեքս, որ լսեցին լուրը, գոռացին, ասում էին՝ չի կարող էդպիսի բան լինի, որ մեր հերը զոհվի, չենք կարողանում պատկերացնել։ Ասեցի՝ երեխե՛ք ջան, հասկացեք, արդեն գնում ենք սգո սրահ: Որ գնացինք, տեսան, շատ դժվար տարան, միջնեկ աղջիկս մտքում էր լացում»։

Ռատխա Ավագիմյանը պատմում է, որ եղբայրն էլ զոհվել է հայրական գյուղում՝ մինչև վերջ մնալով Իշխանաձորում՝ որպես կամավոր, փորձել է օգնել տեղում օգնության կարիք ունեցողներին: 

«Դուրս չեկավ գյուղից, ասեց՝ բոլորը դուրս գան, ո՞նց կլինի, ինքը չէր ուզել լքել գյուղը, մնացել էր, որ ինչ-որ մեկին պետք լինի՝ օգնի։ Իրեն ահագին ման եկանք, գիտեինք, որ զոհվել ա, բայց մարմինը չէինք գտնում, 3 ամիս հետո տղաս գտավ»,- հուզմունքով ասում է նա։

Նա նշում է, որ, ճիշտ է, այլևս առաջվա պես չի լինի, ամուսինն իրենց հետ չէ, բայց կփորձեն ուժերը հավաքել ու նորից ապրել:

«Երեխեքս ասում են՝ մա՛մ, մենք չպիտի պարտվենք, մեր պապան հերոս ա, մեր պապայի հիշատակը վառ պահենք: Իրենք շատ հասկացող են, ես ուրախ եմ, որ երեխեքս էդպես են հասկացել կյանքը, ասում են՝ մենք հերոսի երեխաներ ենք ու պետք է վառ պահենք հիշատակը: Եթե ինքն էնտեղից իմանա, որ մենք ընկճվում ենք, տանուլ ենք տալիս, ինքը չի ների, ինքը չի սիրում ընկճված լինելը։ Իրենք ինձ ուժ են տալիս»,- ասում է Ռատխան։