Հետախույզ Սասունը ամենաթանկը՝ կյանքը, տվեց հայրենիքին․ նա ցույց տվեց, որ իրական սասունցի ընտանիքի ժառանգ է

Նա կյանքը տվեց հայրենիքին ու դարձավ հերոս, ում անունը դեռ երկար ենք հիշելու։ Նա ապրիլյան պատերազմի առյուծներից մեկն էր։ Խոսքը պայմանագրային զինծառայող, հետախույզ Սասունի մասին է։ Նա Արևմտյան Հայաստանից գաղթած սասունցի ընտանիքի ժառանգ էր: Սասունը 27 տարեկան էր, ծառայել է բանակում, որից հետո անցել է պայմանագրային զինծառայության:

Արցախում էր ծառայում, ծառայության ընթացքում աչքի էր ընկել ու տեղափոխվել հատուկ ջոկատ: Մեծ հարգանք էր վայելում թե ընկերության, թե հարազատության, թե ծառակիցների շրջանում: Շատ հայրենասեր տղա էր:

Ընտանիքի անդամները վերջին անգամ Սասունի հետ խոսել են ապրիլի 2-ին։ «Այդ ժամանակ նա նոր էր դիրք բարձրացել: Հարցրեցի՝ ո՞նց է վիճակը, պատասխանեց՝ հոպար, ամեն ինչ լավ է: Ես ասացի՝ գլուխդ ցածր պահի, նա խնդաց, սկսեց ինձ ձեռ առնել, իսկ այսօր կյանքը տվեց հայրենիքի համար»,- պատմում է հերոսի հորեղբայրը։

Սասունի մասին բոլորը մեծ հարգանքով են խոսում։ Նրա խիզախության մասին են փաստում ինչպես ծառայակիցները, այնպես էլ հրամանատարները, մասնավորապես նրա փոխգնդապետը ասել է․

«Ցավոք,  Սասունը ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց ես համոզված եմ, որ մնացած զինծառայողները նրա գործը կշարունակեն: Նա շատ մեծ հերոսություն է կատարել, որի հետևանքով ամենաթանկը՝ կյանքը տվել է հանուն հայրենիքի»: