«Մեր տունը կորցրինք, ամուսինս բեկորային վնասվածք ստացավ, ամուսնուս եղբայրն էլ անհետ կորած ա». կինը պատմում է ՀԵՐՈՍ Սասուն Վարդանյանի մասին

26-ամյա Նարե Վարդանյանը Արցախյան պատերազմի հետևանքով ընտանիքի հետ տեղահանվել է և ապաստան գտել Հայաստանի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Ասում է, որ ո՛չ Հայաստանում է դեռ հարմարվել ստացվում, ո՛չ էլ Արցախում է այս պահին ապագա տեսնում։ Ընտանիքը փորձում է դեռ պատերազմի շոկից դուրս գալ։ 

Նարե Վարդանյանի ամուսինը բեկորային վիրավորում է ստացել, ամուսնու եղբորից ստույգ լուր չունեն՝ տեղեկություններ կան, որ զոհվել է, բայց դիակը չկա։

«Մինչև սեպտեմբերի 27-ը որ համեմատում ենք հիմիկվա հետ, երջանիկ ապրում էինք, ամեն ինչ իրա տեղն էր, հիմա ամեն ինչ գլխիվայր շուռ ա էկել: Ես հիմա դեռ շոկի մեջ եմ, չեմ հասկանում՝ ինչ ա կատարվում, գիտեմ թե՝ երազ ա, հեսա զարթնեմ, ամեն ինչ նույնն ա լինելու»,- պատմում է կինը:

Ազգային օրակարգը սկսում է ձևավորվել | Լրագիր

Նարեն ամուսնու՝ 29-ամյա Սասուն Վարդանյանի և երկու անչափահաս երեխաների հետ մինչև պատերազմը բնակվել է Ստեփանակերտում, պատերազմի առաջին օրը երեխաների հետ դուրս է եկել տնից՝ իր հետ ոչինչ չվերցնելով ու եկել Հայաստան, իսկ ամուսինը մեկնել է ռազմաճակատ:

«Իմ ամուսինը աֆիցեր էր, գործի բերումով Ստեփանակերտում վարձով էինք մնում, ամուսնուս հայրական տունը Շուշիի Քարինտակում էր, մնաց թշնամուն։ Պատերազմը որ սկսվեց, ամուսինս արձակուրդում էր, տանն էր, առողջական խնդիրներ ուներ, բուժվում էր: 

Իրեն զորամասից զանգեցին, ասեցին՝ պիտի գաս, վիճակը լավ չի: Ես երկու անչափահաս երեխաներ ունեմ, ինքը թողեց մեզ էդ վարձով տան մեջ, ֆորմեն հագավ ու գնաց: Ես արցունքն աչքերիս կայնած՝ չգիտեի ինչ անեի,- պատմում է Նարե Վարդանյանը և շարունակում,- հետո մեր տանտերը իրանց ընտանիքին բերեց Հայաստան: Ես չէի պատկերացնում, որ ես էլ իրենց հետ կգայի: 

Իրանց տղան եկավ ասեց՝ երեխեքին վերցրու ու գնա, մի՛ մնա ստեղ, ավելի ա վատանալու: Չէի ուզում, չգիտեի՝ ո՛նց վարվեի, անընդհանտ ամուսնուս էի զանգում, որ ասեի՝ առաջարկել են գնամ: Վերջին պահին երեխեն ասեց՝ մամա՛, արի գնանք: Մտածեցի՝ Աստված չանի, մի բան լինի, իմ կյանքս կմնամ սևերես, որ երեխեն ասեց, չգնացինք։

Ամենքին մի-մի շոր վերցրած, տնային շորերով, տնային խալաթով եկանք, գիշերը Արարատի շրջանի մի գյուղում մնացինք, հետո ես եկա Հրազդան, էդտեղ իմ մորքուրն էր։ Հետո ամուսինս վիրավորվեց, հոկտեմբերի 2-ին իրան տեղափոխեցին Հայաստան, վիրահատություն ունեցավ, դեռ հիվանդանոցում է՝ վերականգնման փուլում է»։

Նարե Վարդանյանի ամուսինը՝ Սասուն Վարդանյանը, Եղնիկներում հայրենիքի պաշտպանությունն իրականացնելիս բեկորային վիրավորում է ստացել ազդրի հատվածում, վիճակն ավելի լավ է, սակայն դեռ վերականգնման անհրաժեշտություն կա։ Վիրավորումից հետո սակայն այլևս զինվորական ծառայության գնալը և մասնագիտությամբ աշխատելը գրեթե անհնար են դարձել:

Նարեի խոսքով՝ պատերազմը գլխիվայր շուռ է տվել իրենց կյանքը: Հիմա նրանք չգիտեն՝ ինչ անեն, ուր մնան: Շատ են ուզում նորից Արցախ վերադառնալ, բայց այնտեղ էլ վտանգը մեծ է, չարժե նման ռիսկի դիմել: