Կոմիտասից մնացած այն կարևոր մասունքը, որ Չարենցն այնքան շատ էր ուզում, բայց չստացավ

Չարենցն ու Կոմիտասը երբեք չեն հանդիպել, բայց Պոետը պաշտում էր Վարդապետին:

Պոետի թանգարանում պահվում է մի շատ կարևոր նոր ցուցանմուշ ՙ Կոմիտասի թաշկինակը: 1952 թվականից այն գտնվում էր Չարենցի Անահիտ դստեր տանը:

Հայ գրերի գյուտի 1500 ամյակի կապակցությամբ 1913-ին Կոմիտասը Պոլսում հանդիսություն էր կազմակերպել: Համերգներից մեկի ժամանակ նրա սիրելի աշակերտուհիներից մեկըՙ դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանը, նվագում է Բեթհովենի սոնատը: Կոմիտասը թղթե մի թաշկինակի ներքեւի մասում ֆրանսերեն մակագրում է ու նվիրում Աղավնուն: Թաշկինակի վրա տպագրված է «Ով մեծասքանչ դու լեզու» բանաստեղծությունը, որ հենց այդպես էլ արտադրվել է Թուրքիայում:

Աղավնի Մեսրոպյանն ու դերասանուհի Արուս Ոսկանյանը մանկության ընկերուհիներ են եղել: Արուս Ոսկանյանն է Աղավնուն ծանոթացնել պոետի հետ: 1923-ին Չարենցն ու Արուս Ոսկանյանը մեկնում են Թիֆլիսՙ Աղավնուն այցելության: Այդպիսի այցելություններից մեկի ժամանակ էլ Աղավնին Չարենցին է նվիրում թաշկինակը, չնայած, որ իրեն էլ դժվար էր բաժանվել այդ մասունքից:

Տարիներ անց՝ 1935-ին, Աբովյան փողոցում Չարենցը պատահաբար նորից հանդիպում է Երեւան տեղափոխված Աղավնի Մեսրոպյանին: Գոհար Չարենցը պատմում է, որ իր պապի ձեռքին մետաքսե մի ծրար է եղել, որի միջից երեւացել է իր նորածին մորՙ Անահիտի նկարը: Չարենցը հորդորում է Աղավնուն գալ իրենց տուն, Աղավնի, տեսնելու իր նորածին դստերը ու հետը բերել Կոմիտասի թաշկինակըՙ իբրեւ նվեր:

Բայց մինչ Աղավնին կգնար, 37 թիվն է գնում Չարենցի տուն: Սակայն Աղավնի Մեսրոպյանը ի վերջո չի հասցնում Չարենցի բաղձանքն իրականացնելՙ Կոմիտասի թաշկինակն անձամբ նվիրել նրան, քանի որ գալիս է 1937 թվականը:

1952-ինՙ մահից երկու տարի առաջ, Աղավնի Մեսրոպյանն իր մոտ է կանչում Անահիտ Չարենցին ու հոգու պարտք դարձած խոստումը կատարումՙ նրան նվիրում Կոմիտասի թաշկինակը: