«Տղես 3 ամսից պիտի տուն գար, 26 օր հրետանու վրա ընկերների հետ համառ պայքար են մղել». մայրը պատմում է մինուճար որդու՝ ՀԵՐՈՍ ԿԱՐԵՆԻ մասին

20-ամյա Կարեն Ավետյանը Լոռու մարզի Դարպաս գյուղից էր: Ծառայել է «Եղնիկներ» զորամասում, երեք ամիս էր մնացել, որ ծառայությունն ավարտեր և տուն վերադառնար, երբ սկսվում է պատերազմը։

Կարեն Ավետյանը 26 օր պայքար է մղել հակառակորդի դեմ, զոհվել է հոկտեմբերի 21-ին։

«26 օր չորս ընկերով հրետանու վրա են եղել, չորս ընկերն էլ միասին են զոհվել։ Հակառակորդը իրանց դիրքը ֆիքսել էր, երեխեքը մի քանի անգամ տեղը փոխել են։ Էդ օրը որ պիտի փոխեին, ասել են՝ էս մի անգամ էլ կրակենք ու փոխենք, բայց չեն հասցրել փոխել»,- մորմոքը սրտում ասում է որդեկորույս մայրը։

Կարինեն ասում է՝ որդին զանգելիս մշտապես ասում էր, որ ամեն ինչ կարգին է, վերջին օրն էլ ընկերոջ միջոցով փոխանցել էր, որ շատ լավ է, որից երկու ժամ հետո դեպքը տեղի է ունեցել։

Միակ որդուն կորցնելուց հետո Ավետյանների չեն ուզում համակերպվել իրականության հետ և հավատալ, որ Կարենը չկա: Ասում են՝ չենք կարող։

«Գժվում ենք, խելագարվում ենք, ամբողջ կյանքդ կառուցես Կարենով, ամեն ինչը՝ Կարեն, Կարեն, մեկ էլ՝ ոչ մի բան։ Առողջականս շատ վատացավ, ուրիշ ձև չէր էլ լինի, եթե ամբողջ կյանքս Կարենն էր, ու ինքն էլ չկա»,- ասում է ու կրկին հուզվում Կարինեն։

Կարեն Ավետյանը հուղարկավորված է ծննդավայրում՝ Դարպաս գյուղի գերեզմանատանը: Կարեն Ավետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։