Մի գրիչի պատմություն․ միայն իմանաք, թե ինչպե՞ս էր այս գրիչը խառնել Աճառյանների ընտանիքը

Հրաչյա Աճառյանի դուստրը՝ Քնարիկ Աճառյանը, շատ դեպքեր է պատմել իր հայրիկի կյանքից։ Այդ դեպքերից մեկը ներկայացնում ենք ստորև․

«1947 թվականին մի նոր ջարդ է սկսվում մտավորականոթյան դեմ:
​Շատերի նման Աճառյանին հեռացնում են համալսարանից, գրում նրա մասին խայտառակ հոդվածներ, տպարանից հավաքում են «Հայոց լեզվի պատմության» նոր տպված օրինակները: Աճառյանը կիսախելագար վիճակում այրում է այդ աշխատության ձեռագիր օրինակը: Կինը՝ տկն. Սոֆիկը խնդրում է բոլոր բարեկամներին և ծանոթներին երեկոյան ժանը 7-ից հետո չայցելել և չզանգահարել, քանի որ այդ ժամերին էին կատարվում ձերբակալությունները:
​Բարեբախտաբար Աճառյանին այս անգամ ձեռք չեն տալիս, և տարիներ անց նա վերականգնում է իր դասախոսական պաշտոնը:
​Օրերից մի օր փոստատարը մի ծանուցում է բերում տուն, համաձայն որի Աճառյանը պետք է ներկայանա փոստային բաժանմունք՝ ծանրոց ստանալու: Նա հրաժարվում է, պատճառաբանելով, որ արտասահմանում ոչ մի ծանոթ և բարեկամ չունի: Ասում է՝ կարող է ռումբ կամ որևէ այլ բան լինել ծանրոցում: Կինը գնում է համալսարան: Այնտեղ նրա խնդրանքով մի քանի դասախոսներից կազմված հանձնաժողով է ստեղծվում և գնում են փոստային բաժանմունք: Բացում են ծանրոցը և այնտեղից հանում «Պարկեր» գրիչը իր պատյանի մեջ:
​Պարզվում է, որ ուղարկողը նրա մանկության ընկերներից է, որը բնակվում էր ԱՄՆ-ում»: