Շատերը չգիտեն Հովհաննես Թումանյանի այս հոբբիի մասին․ պարզենք՝ որ ոլորտում է փայլել ամենայն հայոց բանաստեղծը

Թվում է` համաժողովրդական նման ճանաչում ունեցող բանաստեղծն այլևս ոչնչով մեզ չի զարմացնի, բայց Թումանյանի մահվան օրից գրեթե մեկ դար անց հասարակության լայն շերտն առաջին անգամ է իմանում, որ սիրելի գրողը համարյա պրոֆեսիոնալ լուսանկարիչ է եղել։

«Լուսանկարներով հետաքրքրվելը համընկել է «Վերնատուն» գրական խմբի գործունեության հետ։ Անձամբ նա երբեք չի գրել իր հոբբիի մասին։ Եթե չլինեին կնոջ և դստեր` Նվարդի հուշերը, մենք երևի այդպես էլ չէինք իմանա, որ այդ լուսանկարները Թումանյանի ձեռքի գործն են, ոչ թե մասնագիտացված լուսանկարչական ստուդիաների», – պատմում է Թումանյանի տուն–թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը։

Թանգարանի ցուցանմուշների շարքում մի քանի տասնյակ լուսանկարներ կան, որոնց հեղինակը Թումանյանն է։ Նա հիմնականում նկարել է կնոջն ու երեխաներին։

Հովհաննես Թումանյանի լուսանկարած դիմանկարներից մեկը - Sputnik Արմենիա

Լուսանկարի հեղինակը Հովհաննես Թումանյանն է - Sputnik Արմենիա

Հովհաննես Թումանյանի լուսանկարների ալբոմը - Sputnik Արմենիա

Հովհաննես Թումանյանի լուսանկարների ալբոմը - Sputnik Արմենիա

Կինը` Օլգա Թումանյանն իր հուշերում նշում է, որ ամուսինն այնքան է տարված եղել լուսանկարելով, որ միանգամից երեք լուսանկարչական ապարատ է գնել։ Իսկ XX դարի սկզբին նույնիսկ մեկ այդպիսի սարքը մեծ շռայլություն էր համարվում։

«Ապացույցներ չկան, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ Թումանյանին լուսանկարչության «վարպետության դասեր» ընկերն է տվել` գրող Պերճ Պռոշյանը, որը մի քանի լուսանկարչական ստուդիաներ է ունեցել, և հավանաբար հենց նա է ընկերոջը «վարակել» այդ հետարքրքությամբ»։

Թումանյանն էսթետ էր և լավ ճաշակը «կյանքի բույր» էր անվանում։ Բանաստեղծի ինքնարտահայտումը հիմնվում էր ոչ միայն խոսքի ու պատկերների վրա, այլև նա անձամբ էր կարում սեփական տետրերն ու լուսանկարչական ալբոմի շապիկները։

Պոետի տուն–թանգարանում ներկայացված են և՛ նրա լուսանկարները, և՛ լուսանկարչական ալբոմները, սակայն բանաստեղծի լուսանկարչական ապարատները չեն պահպանվել։

Դուստրը` Նվարդ Թումանյանը, հոր մահից հետո գրել է, որ ընտանիքը չգիտի` որտեղ են դրանք։ Չի բացառվում, որ Թումանյանը փոխանակել է որբերի համար նախատեսված սննդի հետ։