«Թշնամին թիրախավորել էր շտապ օգնության մեքենան, որտեղ էլ Կարենն էր իր մարտական ընկերների հետ». ՀԵՐՈՍ Կարենի պատմությունը

Կարեն Կարապետի Մնացականյանը ծնվել է 2002 թվականի փետրվարի 10-ին, Շիրակի մարզի Արթիկի շրջանի Հայրենյաց գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 9-րդ դասարանից հետո ընդունվել է Գյումրիի թիվ 3 Արհեստագործական ուսումնարան՝ ոսկերչական բաժին։

Տանեցիներին միշտ օգնում էր գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։ Լինելով արվեստասեր, Կարենը նաև ժամանակ էր գտնում սպորտի համար, Գյումրիում հաճախում էր բռնցքամարտի պարապմունքների, իսկ ուսումնարանը ավարտելուց հետո, ապա նաև Ավտոդպրոցում մեքենավարության դասերի հաճախեց և որպես վարորդ զորակոչվեց Հայոց բանակ հայրենիքին սրբազան պարտքը տալու։

Ծառայում էր Դիլիջանում: Կարենը աչքի էր ընկնում իր կամային բարձր որակներով, անձնվեր հայրենասիրությամբ և այդ հայրենասիրությունն էլ նրան հասցրեց Ջրական։ Պատերազմի առաջին իսկ օրվանից զորամասի կազմի մեջ ընդգրկված է եղել Արցախյան հարավային հատվածի պաշտպանությունում:

Մարտական գործողությունների ժամանակ, ցուցաբերելով սառնասրտություն և մասնագիտական բարձր վարպետություն, հաջողությամբ իրականացրել է դիտակետի անձնակազմի տեղափոխումը հետախուզության վարման շրջաններ, անձամբ կատարել է հրետանային հետախուզություն և ունեցել մասնակցություն գնդի կրակի կառավարմանը։

Ցավոք, հոկտեմբերի 13-ին, ժամը 15։00-ի սահմաններում զոհվեց՝ լինելով ընդամենը 2 ամսվա զինծառայող: Հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից պայթեց շտապ օգնության մեքենան, որտեղ էլ Կարենն էր իր մարտական ընկերների հետ։

Կարեն Կարապետի Մնացականյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...