«Զորացրվելուն 70 օր էր մնացել, ընտանիքի միակ տղան էր, ծնվել էր երեք աղջիկներից հետո». ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ՄՈՐ սիրտը ոչ մի կերպ չի մխիթարվում

70 օր էր մնացել, որ 20-ամյա Վահան Բուդոյանը ավարտեր իր զինվորական ծառայությունը և տուն վերադառնար։ Սակայն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Բուդոյանների ընտանիքը այդպես էլ որդուն չդիմավորեց: Վահանը զոհվել է Ջրականում՝ թեժ մարտերի ժամանակ։

Վահանի մայրը՝ Գոհար Բուդոյանը, ասում է, որ տարիներ առաջ ընտանիքով տեղափոխվել էին Ռուսաստան, սակայն երբ հասնում է Վահանի զորակոչվելու տարիքը, վերադառնում է Հայաստան և մեկնում հայրենիքին իր պարտքը տալու։

«Մի օր էլ եկավ, ասեց՝ քիչ մնաց, պիտի գնամ բանակ, անպայման պիտի գնամ։ Մենք էլ համաձայնվեցինք։ Վռազելով, 3 ամիս շուտ եկավ Հայաստան»,- պատմում է Գոհարը։

vahan

Գոհարը պատմում է, որ որդին մարտի ժամանակ փրկել է հրամանատարի կյանքը։ Երբ հակառակորդը հարվածել է տանկին, հրամանատարը վիրավորվել է, Վահանը նրան տանկից դուրս է հանել և օգնություն ցույց տվել:

Վահանը ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 15-ին։

Մայրը նշում է՝ որդու զոհվելը զգացել է։ Որդին ԱԹՍ հարվածից է զոհվել, Գոհարն ասում է՝ տպավորություն էր՝ ինքն էլ է այդ հարվածը զգում։ «Ես ոնց քնած էի, ոնց որ միանգամից զարթնեցի, ասեցի՝ ինչ ա կատարվում ինձ հետ։ Ես զգացի հարվածը՝ հոկտեմբերի լույս 15-ի գիշերը»։ 

vahan

Գոհարն ասում է՝ Վահանն ընտանիքի միակ տղան էր, ծնվել էր երեք աղջիկներից հետո։ Որպես միակ տղա և տան փոքր՝ շատ ուշադիր և հոգատար էին Վահանի նկատմամբ:

«Մեկ լացում եմ, մեկ ասում են՝ պիտի հպարտ լինես։ Խառը զգացմունքներ են։ Իր ներկայությունը զգում եմ, ասում եմ՝ կնեղանա, որ շատ լացեմ»,- կսկիծով ասում է Գոհարը։

Վահան Բուդոյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: