«Ընդամենը երկու ամսվա ծառայող էր, ո՛չ նորմալ կյանք տեսավ, ո՛չ էլ նորմալ ծառայեց. միանգամից պատերազմ». կարդացե՛ք ՀԵՐՈՍ Սամվելի պատմությունը

Սամվել Անդրանիկի Խաչատրյանը ծնվել է 2002 թվականի մարտի 27-ին Շիրակի մարզի Բենիամին գյուղում: Տան ավագ որդին էր, բոլորի սիրելի տղան ու լավագույն ընկերը:

2020 թվականի մայիսին դպրոցն ավարտելուց 2 ամիս անց զորակոչվեց Հայոց բանակ: Ծառայում էր Մարտակերտում: Մարտկոցի լիցքավորող էր: պ

«2020 թվականի հուլիսի 28-ին մեկնեց ծառայության: Երբ գրկեցի ու արդեն հրաժեշտ էին տալիս, ասաց՝ լաց մի եղի. այդ խոսքերն անդադար պտտվում էին ուղեղումս: Ուզում էի գրկել ու բաց չթողնել»,— հիշում է քույրը՝ Ջուլետան:

Հարազատների հետ մշտապես բարձր տրամադրությամբ էր խոսում, երբեք չէր դժգոհում ծառայությունից: Պատմում էր, թե ինչպես են ամեն կիրակի եկեղեցի գնում:

«Ամեն օր զանգում էր, ու շատ երկար խոսում էինք: Եթե օրվա մեջ մի քանի անգամ էլ զանգեր, բոլորս պարտադիր խոսելու էինք: Այնքան էինք կարոտել, ուզում էինք գնալ տեսնելու, սակայն համավարակը չէր թողնում»,- պատմում է քույրը:

Այսպես մինչև սեպտեմբերի 27-ը, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը: «Օրերը տարիներ էին թվում: Անհամբեր սպասում էինք Սամիս զանգին: Սեպտեմբերի 29-ին զանգահարեց, բայց երկար չխոսեց, ասաց՝ ամեն ինչ լավ է: Իսկ վերջին զանգը եղավ հոկտեմբերի 2-ին: 12 րոպե խոսեցինք. Ասաց, որ ապահով է, ու ամեն ինչ շատ լավ է: Անդադար կրկնում էր՝ ես լավ եմ, ինձ մոտ ամեն ինչ լավ է: Երանի էդպես լիներ: Հոկտեմբերի 3-ն էր… Սամս ԱՆՄԱՀԱՑԱՎ, իսկ մենք՝ մահացանք: Ամեն օր սպասում էինք զանգի, ամեն վայրկյան մոմերը ձեռքներիս վազում էինք եկեղեցի, վազում էի մեր տան փոքրիկ Սուրբը ու աղոթում բոլորի համար, այն Սուրբը, որտեղ միշտ ես ու Սամս աղոթում էինք… բայց դա էլ չօգնեց»,- ասում է Ջուլետան:

Սամվելին գտան հոկտեմբերի 9-ին: Իսկ արդեն հոկտեմբերի 10-ին բերեցին նրան, բայց անգամ այդպես տեսնելուց հետո էլ ոչ ոք չէր հավատում, որ Սամվելն էր: Բոլորի բարի ու լուսավոր Սամոն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից Սամվել Անդրանիկի Խաչատրյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հայ Զինվորներին...
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...