«Զոհվեց՝ ԱԹՍ-ի հարվածից սեփական մարմնով պաշտպանելով հրամանատարին». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ԿՆՅԱԶԻ պատմությունը

Կնյազ Գևորգի Ավետիսյան ծնվել է 2000 թվականի օգոստոսի 9-ին Արմավիր քաղաքում: Սովորել է տեղի թիվ 8 հիմնական դպրոցում: 2018 թվականին ավարտել է Նորավանի միջնակարգ դպրոցը: Ուսմանը զուգահեռ երկար տարիներ զբաղվել է սպորտով:

Հիմնական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հառիճավանքի հոգևոր ավագ դպրոց, կամավորական հիմունքներով մասնակցել է Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջոցառումներին՝ միայնակ տարեցներին սնունդ էին բաժանում: Միաժամանակ նա «ՀՀ պատանի երկրապահ» կազմակերպության անդամ էր:

Հայոց բանակ է զորակոչվում 2019 թվականի հունվարի 7-ին: Բանակում ծառայում էր որպես զրահամեքենայի վարորդ-մեխանիկ, պարտաճանաչ, օրինակելի Զինվոր էր:

Ընդամենը մի քանի ամիս, և տուն կվերադառնար, երբ սկսվեց Արցախյան արհավիրքը: Հոկտեմբերի 2-ին Կնյազը Ջրականի իր դիրքում էր, իր մեքենայի ղեկին: Դաստիարակված լինելով «Կյանք՝ կյանքի դիմաց» սկզբունքով՝ օրհասական պահին ԱԹՍ-ի հարվածից իր մարմնով պաշտպանում է հրամանատարին՝ կապիտան Ռադիկ Մանուկյանին, իսկ ինքը զոհվում է:

Պատերազմից հետո սպիտակցի կապիտանը, այցելելով իր փրկչի տուն, ինքն էր պատմել այս իրողությունը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Կնյազի ծնողներին, շեշտելով, որ Կնյազի շնորհիվ իր երկու երեխաները առանց հայր չմնացին: Այս խիզախության համար Կնյազ Ավետիսյանը պարգևատրվել է «Արիության մեդալով», ինչպես նաև հայրենիքին մատուցած նվիրական ծառայության համար պարգևատրվել է «Տիգրան Մեծ» պատվո շքանշանով:

2021 թվականի փետրվարի 22-ին նրա մասունքները հողին են հանձնվում Արմավիրի իրենց ընտանեկան գերեզմանոցում:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին... 
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...