«Հայրենասիրությունը ժառանգել էր հորից, ով կռվել էր Վազգեն Սարգսյանի ջոկատում». կարդացե՛ք 18-ամյա ՀԵՐՈՍ Վաղարշակի պատմությունը

Պատերազմից հետո Բաղդասարյանների ընտանիքում կյանքը գլխիվայր շուռ է եկել: Նրանց որդին՝ Վաղարշակը 44-օրյա պատերազմի զոհերից է:

Ընտանիքը սփոփվում է՝ որդին հերոս է, հերոսի մահով է զոհվել՝ հայրենիքը պաշտպանելիս: Հայրենասիրությունն այս ընտանիքում ապրելակերպ է: Վաղարշակի հայրը՝ Հրաչիկ Բաղդասարյանը «Արծիվ» մահապարտների գումարտակի մարտիկ էր: Մասնակցել է արցախյան առաջին պատերազմին: Առանց երկմտելու արձագանքել է սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչով կազմավորված մահապարտների գումարտակում մարտնչելու կոչին ու մեկնել ռազմաճակատ:

heros

Ինչպես ընտանիքի անդամներն են պատմում, Վաղարշակն էլ դաստիարակվել է նույն ոգով ու հաղթողի տրամաբանությամբ: Հայրը, բարեբախտաբար, վերադարձել է, որդին՝ անմահացել:

Վաղարշակը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ԱԹՍ-ի հարվածից՝ Ջրականում (Ջաբրայիլում): Զինվորի մասունքները, սակայն, հայտնաբերվել է ամիսներ անց՝ 2021 թվականի հունվարին: Ընտանիքի անդամները պատմում են, որ Վաղարշակի հուղարկավորությունը հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրն են արել. Հերոսին հրաժեշտ տալու եկած ազատամարտիկները ներկայացել են զինվորական հագուստով՝ հաշվի առնելով, որ բանակի օրն է:

zinvor

Հարազատների խոսքով, Վաղարշակը երեք ամսվա ծառայող է եղել, երբ սկսվել է թուրք-ադրբեջանական պատերազմը: Ընտանիքի անդամների խոսքով՝ վճռականորեն պնդել է, որ ինքն էլ պիտի մեկնի մարտադաշտ՝ չցանկանալով զատվել իր զինակից ընկերներից: Նախքան պատերազմը որդին Կապանի գնդում մեկ ամիս մասնագիտություն է ստացել՝ դառնալով հակատանկային գումարտակի հրետանավորի օգնական: Երբ սկսվել են մարտերը, մեկնել է Սանասար (Կուբաթլու), այնտեղից էլ՝ Ջրական, որտեղ էլ զոհվել է՝ ընդամենը 18 տարեկանում:

Վաղարշակ Հրաչիկի Բաղդասարյանը ծնվել է 2002 թվականին՝ Երեւանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը: Ապա իր կամքով 21.07.2020 թվականին մեկնել է ծառայության՝ Շենգավիթի զինկոմիսարիատից: