«Այսպիսին է ՀԱՅԻ ՀՈԳԻՆ». ովքե՞ր էին ԱՅՆ ՀԱՅ ամուսինները, ովքեր վտանգեցին սեփական կյանքը, որ փրկեն հրեաներին. տարիներ անց նրանք կրկին հանդիպեցին

Հայերը հաճախ են հետևում սրտի ձայնին՝ վտանգելով կյանքը։ Հոլոքոստի և Հերոսության իսրայելական հուշահամալիրի՝ «Յադ վա-Շեմ»-ի ցուցակում հրեաներին նացիստներից փրկած հարյուրավոր հերոսների շարքում 21 հայի անուն կա։ Նրանք 1915թ-ին հրաշքով են փրկվել թուրքական յաթաղանից, տեղափոխվել Ֆրանսիա և, վտանգելով իրենց կյանքը, 1941-ին փրկել են բազմաթիվ հրեա ընտանիքներ:

Երվանդ և Էլբիս Բեուրկջյան ամուսիններն ապրում էին Փարիզի հյուսիս-արևմտյան շրջանում, ունեին 10 տարեկան որդի՝ Ալֆրեդ-Ֆրանսուան։ Երվանդը ազնիվ ու պարկեշտ մարդ էր, որն օրուգիշեր աշխատում էր ընտանիքը պահելու համար։

Նույն թաղամասում ապրում էին Ժոզեֆ և Հելեն Գոլդհամմերները, նրանք մանկական հագուստի խանութ ունեին։ 1941 թվականին հրեա զույգը զրկվեց խանութից։ Զույգը մնաց առանց ապրուստի միջոցի: 1942 թ-ին Փարիզում սկսվեցին հրեաների զանգվածային ձերբակալությունները։ Ձերբակալվեց 13 152 մարդ, որոնցից 4115-ը երեխաներ էին։ 

Այդ ժամանակ հրեա զույգին օգնության հասավ հայ ընտանիքը՝ թաքցնելով նրանք իրենց տանը: Բեուրկջյանները հասկանում էին, թե ինչպիսի հետևանքներ դա կարող է ունենալ իրենց ընտանիքի համար, բայց օգնության հասան հրեա ընկերներին։

Բեուրկջյանների բնակարանը փոքր էր, բոլորը ստիպված էին ապրել մի սենյակում։ Հրեա ընտանիքը մոտ 8 ամիս ապրեց նրանց տանը։ 1943 թվականին նացիստները հայտարարեցին, որ բոլոր նրանք, ովքեր տեղեկություններ են թաքցնում հրեաների գտնվելու վայրի մասին, խիստ կպատժվեն։

Գոլդհամմերները, իրենց բարերարներին դժբախտություն չբերելու համար հեռացան նրանց տնից և կարողացան թաքնվել մինչև Փարիզի ազատագրումը՝ 1944 թ-ն։ Պատերազմից հետո երկու ընտանիքները կրկին հանդիպեցին և մնացին հավերժ բարեկամներ։ Ավելի ուշ Ժոզեֆն ու Հելենը տեղափոխվեցին Իսրայել, բայց երբեք չմոռացան հայ ընտանիքի բարությունը։ Նույն տարում «Յադ վա-Շեմ» թանգարանը Երվանդ և Էլբիս Բեուրկջյանների անունը գրանցեց իր՝ «աշխարհի ժողովուրդների հերոսների և արդարամիտների» ցուցակում։ Ցուցակը սկսվում է 3000-ամյա հրեական աղոթքի մի նախադասությամբ․ «Նա, ով մի հատիկ հոգի է փրկում, փրկում է ողջ տիեզերքը»։