«Ծնողներս իմ ականջները ծակեցին, աղջկական հագուստ հագցրին ու թոնրի մեջ թաքցրին». ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ փրկվածների պատմությունը

Ֆոտոշարքը արել է Նազիկ Արմենակյանը New York Times պարբերականի համար,որը պատմել է Ցեղասպանությունը վերապրած 20 հայերի կյանքի պատմությունը: Ֆոտոշարքը արվել է 2008-2009 թվականներին:

  • Ռեհան Հակոբյան, ծնվել է 1914 թվականին

«Ռուսական զորքերն օգնեցին մեզ, և մենք արտագաղթեցինք։ Մենք հասանք Նախիջևան։ Հայրս աշխատում էր ռուսների վրա։ Երբ նա որոշակի գումար հավաքեց, նա մեզ փրկեց թուրքերից և բերեց Հայաստան»։

  • Գոհար Ամլիկյան, ծնվել է 1905 թվականին

Գոհար Ամլիկյանը հիշում է իր մայր Ռեմելին, ով իրեն հաճախ էր պատմում Մուսալեռի պաշտպանության մասին։ Նա 10 տարեկան էր։ 1915-ին նրա մոր երկու եղբայրները սպանվեցին, երրորդին քրդերը վերցրին, որ թաքցնեն, բայց հետո թուրքերը գտան նրան ու պատին խաչեցին։

  • Վարդուշ Հովհաննիսյան, ծնվել է 1908 թվականին

«Հիշում եմ կնոջը, հավանաբար, մայրս էր, մենք գնում էինք ծովի ափով…»,-պատմում է Վարդուշ Հովհաննիսյանը: «Փախստականները հավաքվել էին մի սենյակում, որտեղ թոնիր կար, դռան մոտ կանգնած մի մարդ կրակում էր։ Ես դեռ հիշում եմ այդ մարդու դեմքը։ Իմ ծնողները զոհվեցին, իսկ քույրս ու ես ողջ մնացինք»։

«1915 թվականին մենք փախանք Կարս։ Կարսում ամերիկացիները մարդկանց բաժանեցին երկու խմբի, մի խմբին մանկատուն են ուղարկել Ամերիկա, մյուսին՝ Լենինական, Կիրովական և Դիլիջան։ Ես հայտնվել եմ Դիլիջանում»։

  • Վասիլ Սուքիասյան, ծնվել է 1912 թվականին

«Երբ սկսվեցին ջարդերը, հայրս տանը չէր։ Տանը պապիկս ու տատիկս էին։ Թուրքերը մտան գյուղ և տղամարդկանց կանչեցին։ Երբ պապս հեռացավ, գյուղի տղամարդկանց 90%-ն արդեն սպանվել էր։ Հայրս վերադարձավ գիշերը: Նրանք իմ ականջները ծակեցին, աղջկական հագուստ հագցրին ու թոնրի մեջ թաքցրին»։

  • Փառանձեմ Հովհաննիսյան, ծնվել է 1910 թվականին

«Իմ երկու մեծ եղբայրներն էլ զոհվել են ճանապարհին, ես և իմ կրտսեր եղբայրս ողջ ենք մնացել։ Մայրս երկու փոքրիկ պարկ էր տանում՝ հալվա թաքցնելով, որը մենք ուտում էինք ճանապարհին։ Խեղճ մայրս ճանապարհին ծննդաբերեց հենց կառքի մեջ, սակայն արյունահոսությունը կանգ չառավ, և նա մահացավ։ Եղբայրս հոգ էր տանում իմ մասին։ Ամուսինս Կարսից է։ Նա փախցրեց ինձ: Մենք 7 երեխա ունեցանք»։

  • Հովհաննես Բալաբանյան, ծնվել է 1913 թվականին

«Աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չեն եղել այնպիսի լեռներ ու աղբյուրի ջուր, ինչպիսին այնտեղ էր։ Իմ պապերը՝ Կարապետն ու Մովսեսը, կառուցել են մեր տունը։ Այն երկհարկանի էր, այնտեղ երկու ելք կար՝ մեկը այգի էր տանում, մյուսը՝ փողոց։ Այնտեղ ապրում էին երկու եղբայրները իրենց ընտանիքների հետ՝ 25 հոգի, ապրում էին խաղաղության և ներդաշնակության մեջ։ Բացի արցունքներից, ոչինչ չի մնացել»։

  • Արեգնազ Կարապետյան, ծնվել է 1904 թվականին

«Ես ոչինչ չեմ հիշում։ Միայն գիտեմ, որ հայրս ինձ կապել է իր կրծքին և տարել Արաքս գետով», – պատմել է Արեգնազ Կարապետյանը՝ հավելելով, որ մինչև հիմա տառապանքի մեջ է ապրել։

  • Արամ Սարգսյան, ծնվել է 1905 թվականին

«Ես 10 տարեկան էի, երբ տեղահանություններ սկսվեցին։ Իմ երեք եղբայրները զոհվեցին այդ դեգերումների ժամանակ։ Իմ մայրը, հայրը, երկու քույրերը և ես փախանք Սիրիա, որպեսզի չհայտնվենք Դեր Զորում»։

«1946 թվականին ես կնոջս, քրոջս և ավագ դստերս հետ տեղափոխվեցինք Հայաստան։ Մեր ծնողները մեզ մոտ են եկել միայն 1964 թվականին»։

  • Նոյեմ Հովհաննիսյան (Ժամկոչյան), ծնվել է 1910 թվականին

«Խոլերայի հիվանդություն տարածվեց, մահացածների մարմինները ընկած էին եղել տների պատերի տակ։ Ճանճերը նույնիսկ ողջ մարդկանց վրա էին գալիս։ Ով կարող էր փախչել նրանցից: Շատերը մահացան։ Մայրս, երկու եղբայրներս, հորեղբայրս, մորաքույրս ու տատիկս այնտեղ են մահացել։ Հայրս ասում էր, որ իր հարազատների մարմիններն այնքան շատ են եղել, որ շփոթության մեջ է եղել։ 2-3 քահանաներ չէին հասցնում զբաղվել մահացածների հուղարկավորությամբ»։

  • Աշխեն Ավետիսյան, ծնվել է 1907 թվականին, մահացել է 2009 թվականին՝ նախքան լուսանկարիչ Արմենակյանը կգնար նրա մոտ

Աշխեն Ավետիսյանի որդիները պատմել են 1915 թվականին իրենց մոր ընտանիքի տեղահանության մասին։ Նրանք հայտնել են, որ մոր պատմելով՝ ճանապարհին շատ դիակներ են եղել, և նրա մայրը՝ իրենց տատիկը, փակել է նրա աչքերը, որպեսզի նա չտեսնի այդ սարսափելի տեսարանը։