Այս ՀԱՅԸ դեմ է քվեարկել Իոսիֆ Ստալինի միջամտությամբ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը. գիտե՞ք՝ նա ինչ էր անվանում ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ և ինչու

Խոսքը հայ քաղաքական, հասարակական գործիչ, ԽՍՀՄ Կոմունիստական Կուսակցության անդամ Ալեքսանդր Մյասնիկյանի մասին է՝ ծնված 1886 թվականին Նոր Նախիջևանում։

Սովորել է ծննդավայրի թեմական դպրոցում, 1904-1906 թվականներին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1906 թվականից Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ էր։ 1907-1914 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում, ապա՝ Մոսկվայում։ 1911 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) սկզբին զորակոչվել է բանակ. հեղափոխական աշխատանքը շարունակել է ռազմաճակատում։

Երկրի տնտեսության վերականգնման, արևմտահայ փախստականներին տեղավորելու, քաղաքացիական պատերազմի հետևանքները վերացնելու, երկրում կայունություն հաստատելու համար Ալեքսանդր Մյասնիկյանը ծավալել է աշխատանքային մեծ գործունեություն։ Նա կարևորել է հայ մտավորականությանը Հայաստանում համախմբելու և նրա համար ստեղծագործ աշխատանքի անհրաժեշտ պայմաններ ստեղծելու խնդիրը։

Այդ կապակցությամբ պաշտոնական հրավերներ է ուղարկել նկարիչ Մարտիրոս Սարյանին, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, լեզվաբան Հրաչյա Աճառյանին և ուրիշների։ Խորհրդային Հայաստանի գործիչներից Մյասնիկյանն առաջինն է անդրադարձել Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերություններին. հատուկ ուսումնասիրություն է նվիրել Սփյուռքում հայ ազգային քաղաքական կազմակերպությունների խնդիրներին։
1910-ական թվականներին Ալեքսանդր Մյասնիկյանը լույս էր ընծայել մի շարք հոդվածներ՝ նվիրված հայոց գրերի գյուտի նշանակությանը, Միքայել Նալբանդյանի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի ստեղծագործություններին։ Բազմիցս անդրադարձել է Հայկական հարցին՝ անվանելով այն «գորդյան հանգույց», որի շուրջ հյուսվել են եվրոպական երկրների տարաձայնություններն ու շահերը։ 1913 թվականին Մոսկվայում հանդես է եկել Հայկական հարցի մասին դասախոսությամբ, որի դրույթները 1913-1914 թվականներին լույս են տեսել «Մշակ» թերթում։ Մյասնիկյանի աշխատությունները լույս են տեսել առանձին ժողովածուով (Երկեր, 4 հատոր, 1984-86)։

1921 թվականի հուլիսի 4-5-ը Ալեքսանդր Մյասնիկյանը մասնակցել է ՌԿ(բ) կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի լիագումար նիստին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Դեմ է քվեարկել Իոսիֆ Ստալինի միջամտությամբ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը։

Զոհվել է 1925 թվականի մարտի 22-ին՝ Թիֆլիսի օդանավակայանում՝ օդանավի վթարից: