Գիտե՞ք՝ ով է այն ՀԱՅԸ, ում Հովհաննես Թումանյանը` որպես երկրորդ մեծ «թիֆլիսեցու», դրել է Սայաթ-Նովայի կողքին. ճանաչենք մեծանուն ՀԱՅԻՆ

Խոսքը հայ դրամատուրգ, հասարակական գործիչ, հայ գրականության մեջ ռեալիզմի սկզբնավորողներից մեկի՝ Գաբրիել Սունդուկյանի մասին է:

Բնիկ թիֆլիսեցի Գաբրիել Սունդուկյանը ծնվել է առևտրականի ընտանիքում 1825 թվականի հունիսի 29-ին։ Հայրը առևտրական էր: Նա շուտ է մահացել ցավոք ընտանիքի հոգսը թողնելով կնոջը։ Սունդուկյանը սկզբնական կրթությունն ստացել է հայագետ Հ. Շահան-Ջրպետյանի դպրոցում (1832-1837 թվականներ), սովորել գրաբար, աշխարհաբար, ֆրանսերեն, լատիներեն, իտալերեն։ 1838-1840 թվականներին ուսանել է Արզանյանների պանսիոնում, 1840-1846 թվականներին՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ 1846 թվականին ավարտելով գիմնազիան ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ Այդ տարիներին ավելի է խորացել Սունդուկյանի սերն ու հետաքրքրությունը ռուս և համաշխարհային գրականության նկատմամբ։ Պետերբուրգի թատրոնները Սունդուկյանի համար եղել են այն դպրոցը, որտեղ ձևավորվել է նրա թատերական ճաշակը։

Համալսարանն ավարտելիս նա պաշտպանել է «Թռուցիկ հայացք պարսկական տաղաչափության բնույթի վրա» թեմայով թեկնածուական դիսերտացիա։ Կարճ ժամանակ պաշտոնավարել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1850-ին ավարտելով ուսումը վերադառնում է Թիֆլիս և Կովկասի փոխարքայության գրասենյակում ստանձնում թարգմանչի պաշտոն:1853-1858 թվականներին ապրել և աշխատել է Դերբենդում։ Սունդուկյանը գրել է թիֆլիսահայ բարբառով, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, խոսքի ու դրության կոմիզմ։ Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով։ 1858 թվականի սեպտեմբերի վերջին վերադարձել է Թիֆլիս, պաշտոնավարել Կովկասի երկաթուղային վարչությունում։ Գաբրիել Սունդուկյանը վախճանվել է 1912 թվականի մարտի 16-ին և թաղվել է Թիֆլիսի Խոջիվանքի պանթեոնում։

Սունդուկյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով, բառի ճշգրիտ և տեղին գործածումով։ Նա գրել է թիֆլիսահայ բարբառով՝ հասարակ ժողովրդին հասկանալի լինելու համար, օգտագործել ժողովրդական բանահյուսությունը, վարպետորեն կառուցել գործողությունը, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, ինչպես նաև դրության և խոսքի կոմիզմ։ Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել ոչ միայն հայ դրամատուրգիայի, այլև հայ գրականության հետագա զարգացման վրա։Այդ պատճառով էլ Հ. Թումանյանը նրան որպես երկրորդ մեծ «թիֆլիսեցու» դրել է Սայաթ-Նովայի կողքին:

Գաբրիել Սունդուկյանը մահացել է 1912 թվականին, Թիֆլիսում։ Թաղված է Խոջիվանքի գերեզմանատանը։