«Հարգելի ուսանող, եթե Դուք եկել եք ինձ հետ զրուցելու, ապա խոսեք ինձ հետ, իսկ եթե Ձեզ իմ տան կահ-կարասին է հետաքրքրում, գնացեք ունիվերմագ». գիտե՞ք՝ որ ՀԱՅ գրողի խոսքերն են ու ինչ էր նա ցանկանում

Ձեզ ենք ներկայացնում Դերենի Դեմիրճյանի կյանքից մի պատմություն, որը մեզ է հասել նրա երրորդ կնոջ՝ Գայանե Ավետիսյանի անտիպ հուշերից:

Դերենիկ Դեմիրճյանի տուն մի ուսանող է գնացել և ապշած նայել համեստ կահավորանքին: Վարպետն ասել է.

«Հարգելի ուսանող, եթե Դուք եկել եք ինձ հետ զրուցելու, ապա խոսեք ինձ հետ, իսկ եթե Ձեզ իմ տան կահ-կարասին է հետաքրքրում, գնացեք ունիվերմագ»:

Նա առհասարակ շատ համեստ մարդ էր: Մայրս ծեսերին միշտ յուղոտ փլավներ էր պատրաստում, և որպեսզի մորս չնեղացներ, Վարպետն ասում էր. «Շատ զգույշ իմ ափսեն փոխիր և առանց յուղի փլավ տուր, յուղը վտանգավոր է».

1943 թ. ահավոր վիճակի մեջ էինք, քաղցած, չգիտեի՝ ինչ անել, փոքրիկ Վիգենը երեք ամսական էր. ամեն ինչ վաճառում էինք, որպեսզի մեր գոյությունը պաշտպանենք: Մի օր Վարպետը շատ ուրախ տրամադրությամբ եկավ և ինձ ասաց. «Թո՛ղ թատրոնը, որ երեխաները և դուք սովամահ չլինեք, ես խոսել եմ Սննդառ-միության նախագահ ընկ. Ներսիսյանի հետ, որ գնաս «Կարմիր հացագործում» աշխատես, իսկ նրա տղան էլ պետք է գա ինձ մոտ ջութակի դասեր ստանա»:

Ես մեծ դժվարությամբ թողեցի բեմը և գնացի «Կարմիր հացագործ»՝ աշխատելու: Կատարում էի ամեն տեսակի աշխատանքներ (սեղան մաքրել, աման լվանալ), որպեսզի մեր գոյությունը պաշտպանեինք, իսկ եթե հանկարծ սպիտակ հաց էր ձեռքս ընկնում, պահում էի Վարպետի համար, որը երբեմն գալիս էր ինձ մոտ: Մեր կյանքը կանոնավորվեց:

Վարպետը միշտ ասում էր, որ փոքր Վիգենի տասնամյակի թամադան ինքն է լինելու, և իրոք, հունվարի 5-ին, երբ Վիգենի տասը տարին լրացավ, առավոտյան երեխաների հետ անցկացրեց, իսկ երեկոյան արդեն հավաքվել էին բավականին մարդիկ: Վարպետը վերցրեց բաժակը. «Իմ իղձը կատարվեց, ես տոնեցի Վիգենի տասնամյակը (մինչև 14 տարեկանը տեսավ Վիգենին)»:

Վարպետը շատ էր սիրում երեխաներին և դեռ բակ չմտած` բոլոր երեխաներ վազում էին` բացականչելով. «Վա՜յ, Վիգենի պապան եկավ»: Եվ նա բոլորին հրավիրում էր պատշգամբ՝ ասելով. «Սպասեք, հիմա կգամ»: Լվացվում էր և ինձ ասում.

«Քաղցրավենիք բեր»: Երեխաները նստում և սպասում էին, որ հիմա Դեմիրճյան պապիկը պետք է մի լավ բանով պատվի իրենց:
Վիգենը հիվանդացավ, և Վարպետը կարգադրեց, որ լուծույթի մեջ թրջված մառլյաներ կապեն դռների բռնակներին, իսկ մայրս դեմ էր այդ բաներին և ասաց.

– Դերենի՛կ, ես 12 երեխա եմ ծնել ու պահել, բայց այսպիսի բան չեմ տեսել, որ բռնակներից վարակվեն:

Վարպետն ասաց. «Քանի՞ երեխա է Ձեզ մնացել», մայրս ասաց. «Ընդամենը չորսը»: Վարպետն ասաց. «Դե՛, մայրիկ, ուրեմն լավ չեք պահել»: Վիգենին լողացնելու ժամանակ միշտ չափում էր ջրի ջերմաստիճանը, որ տաք չլիներ:
Մեր նախասենյակում մեր ուտելիքի պահարանն էր՝ դռները բաց: Այնտեղ հաճախ էի երեխաների համար քաղցրավենիք պահում. շատ դժվար էր, բայց Վարպետը մի կերպ ճարում, բերում էր և ինձ հանձնարարում, որ տամ երեխաներին, հատկապես փոքրիկ Վիգենին, որպեսզի ռախիտ չմեծանա: Եվ ես նրան մի օր ասացի, որ մեր նախասենյակում ապրող երեխան (3-րդ դասարանցի էր) այդ օրվա քաղցրը տարել է:

Վարպետը ոչինչ չասաց: Նա մի մաքուր թղթի վրա մեծ տառերով գրեց` «ՄԻ ԳՈՂԱՑԻՐ, ԱՄՈԹ Է», ու ինձ ասաց.

 «Վաղը որ կոնֆետ բերեմ, այս գրածը կդնես վրան»: 

Այդպես էլ արեցի և՛ երկրորդ, և՛ երրորդ օրը: Նկատեցի, որ թղթի դիրքը փոխվել է, բայց ոչինչ չէին տարել: Երբ ես այդ մասին ասացի Վարպետին, շատ ուրախացավ: