Այս ՀԱՅԸ համարվում է ՀԱՅԵՐԵՆԻ լատինատառ ուղղագրության ջատագովը. գիտե՞ք՝ ում մասին է խոսքը

Խոսքը հայ գրականագետ, թարգմանիչ, պետական-քաղաքական գործիչ, հրապարակախոս Պողոս Մկրտչի Մակինցյանի մասին է, ով 1921 թվականին տեղափոխվել է Հայաստան և նշանակվել ՀԽՍՀ-ի Ներքին գործերի ժողովրդական կոմիսար, և նույն թվականին հանդիսացել Կարսի պայմանագրի ստորագրողներից մեկը։

Պողոս Մակինցյանը ծնվել է Ներքին Ագուլիս գյուղաքաղաքում 1884 թվականի ապրիլի 20-ին։ 1906 թվականին ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1912-ին՝ Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։

1910-1912 թվականներին Մոսկվայում Վահան Տերյանի և այլոց հետ հրատարակել է «Գարուն» ալմանախը։ Համալսարանն ավարտելուց հետո 1915 թվականին հրավիրվել է Էջմիածին և գրականության դասեր տվել Գևորգյան ճեմարանում։ Ապա փոխադրվել է Երևան և ռուսաց լեզու դասավանդել թեմական և Գայանյան դպրոցում։

1918 թվականին մեկնել է Մոսկվա։ Այստեղ աշխատել է ՌՍՖՍՀ ազգությունների ժողկոմատում որպես ժողկոմի տեղակալ՝ հայկական գործերի գծով, 1919-1920 թվականներին՝ ՌՍՖՍՀ լուսավորության ժողկոմատի ազգային փոքրամասնությունների բաժնի վարիչ, 1920-1921 թվականներին Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի՝ ազգային փոքրամասնությունների մամուլի բյուրոյի վարիչ։

1921 թվականին, Ալեքսանդր Մյասնիկյանի առաջարկությամբ տեղափոխվել է նշանակվել ներքին գործերի ժողկոմ, միաժամանակ աշխատել որպես ժողկոմխորհի նախագահի տեղակալ։

1919 թվականին հանդես է գալիս մի նախաձեռնությամբ, որը ավարտին չի կարողանում հասցնել՝ փորձում էր հայերենի ուղղագրությունը դարձնել լատինատառ։

1921-1922 թվականներին եղել է Հայաստանի լուսավորության ժողկոմ։ 1922-1925 թվականներին դիվանագիտական աշխատանք է կատարել Կ. Պոլսում, 1925-1927 թվականներին՝ Միլանում և Փարիզում։

Կյանքի վերջին տարիներին եղել է ԽՍՀՄ ԳԱ Անդրկովկասյան մասնաճյուղի գիտական քարտուղարը։ Մահացել է 1937 թվականին։ Դարձել է ստալինյան ռեպրեսիաների զոհ, 1937 թ. անհիմն բռնադատվել է Երևանում, ապա՝ գնդակահարվել։ 1955 թ. (հետմահու) արդարացվել է։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։