Նա եղբոր աչքի առաջ անմահացավ․ հերոս հրամանառտար Ալիկը կատաղի մարտեր էր վարում ու առանց հետ նայելու, առաջ էր գնում

Սեպտեմբերի 27-ի Արցախյան գոյամարտում շատերը ընկան։ Նրանք բոլորը մեր հողի մի մասն էին, մի զավակը։  Այդ քաջերի թվում էր նաև Ալիկ Իշխանի  Պետրոսյանը, ծնված 1982 թվականին։ 2000 թ-ին անցել է զինվորական ծառայության։ Ալիկի հայրը և եղբայրը նույնպես եղել են զինվորական։ Նրա հետ էր եղբայրը, ում աչքի առաջ Ալիկը կատաղի մարտեր էր վարում, և հանուն իր զինվորների ապահովության, առանց ետ նայելու, առաջ էր գնում։ Նրանք մարտնչում էին Մատաղիսում։

«Ալիկը եղել է դասակի հրամանատար, մինչև վերջին պահն էլ մտածում էր իր ազգի, հայրենիքի, ընտանիքի ու հայ զինվորի մասին։Մենք կռվում էինք Մատաղիսում, հենց առաջնագծում, և հոկտեմբերի 4-ին եղբայրս, իմ աչքի առաջ կատաղի մարտեր վարելու ժամանակ, քաջաբար ընկավ»,- պատմում է հերոսի եղբայրը։

Ալիկը եղել է նաև Երդվյալ ազատամարտիկների միության անդամ, բազմիցս արժանացել է  խրախուսանքների, պատվոգրերի և շնորհակալագրերի։ Նա ամուսնացած էր և ուներ երեք երեխա։

Ալիկի նախաձեռնությամբ Գագարինում պետք է հուշարձան կառուցվեր, որը նվիրված էր լինելու համայնքի ազատամարտիկների և զինծառայողների հիշատակին, հիմքը արդեն դրված էր, բայց իր սկսած գործը թողեց կիսատ…