«Երազում էի, որ որդիս տուն դառնա՝ անգամ վիրավոր». Ղուլյանների ընտանիքը 5 ամիս շարունակ փնտրել է ՀԵՐՈՍ ԱՐՄԱՆԻՆ գերիների ու զոհվածների մեջ

«Ո՞նց կարող ես համակերպվել, երբ 18 տարի դողալով պահել ես, որ հանկարծ մատն անգամ փուշ չմտնի, ո՞նց կարող ես համակերպվել, որ սենց հանգիստ ձեռներիցս բաց թողեցինք։ Սա կյանք չի, սա պարզապես ցավին հավասար քայլել ա»,- հուզմունքով ասում է 41-ամյա Հերմինե Աբելյանը, որը պատերազմում կորցրել է 18-ամյա որդուն՝ Արմանին։

Արման Ղուլյանը 47 օր էր՝ ինչ մեկնել էր Ասկերան՝ ժամկետային զինծառայության, երբ սկսվեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։

Մոր խոսքով՝ պատերազմի առաջին օրվանից որդուն Ասկերանից տեղափոխել են Աղդամի դիրքեր, հոկտեմբերի 25-ին կամ 26-ին տարել են Սղնախ։ Հոկտեմբերի 27-ի երեկոյան մայրը որդու հետ խոսում է վերջին անգամ, հաջորդ օրը տեղի է ունենում ողբերգական դեպքը։ 

mayr u vordi

Ղուլյանների ընտանիքը շուրջ հինգ ամիս փնտրել է որդուն գերիների մեջ, զոհվածների մեջ։ Չորս անգամ որոնողափրկարարական ջոկատը մտնում է Սղնախ, միայն չորրորդ անգամ հայտնաբերվում են Արմանի զրահաբաճկոնն ու գոտին։ Ընտանիքը կարծում է, որ Արմանը, հավանաբար, գերի է ընկել:

«Բայց ինչքան էլ փորձում էի՝ ոչ մի տեսանյութ չէի կարողանում գտնել, որ համոզվեմ՝ գերի ա»։

Հերմինեն ասում է՝ մարտի 29-ին լուրերից տեղեկանում են, որ Սղնախում նորից պետք է որոնողական աշխատանքներ կատարվեն, և ծնողները գլխի են ընկնում, թե ինչու։

Այդ օրվանից սկսած Հերմինեն ասում է՝ կյանք չունի, չի ապրում, պարզապես գոյատևում է: Էս կյանք չի՝ հուզվում է մայրը:

Արման Ղուլյանը Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ճանապարհաշինություն ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող էր, մեկ տարի շուտ էր դպրոց գնացել և դպրոցը շուտ ավարտելու շնորհիվ մեկ տարի սովորել համալսարանում, հետո նոր մեկնել բանակ՝ ծառայության։ 

arman

Հերմինեն ասում է՝ որդու ընկերների հետ զրույցների շնորհիվ շատ Արմաններ է բացահայտել իր համար։ Բոլորը միաբերան ասում են, որ Արմանը իրենց խինդն ու ուրախությունն է եղել, անունն էլ դրել էին բարություն։

Մայրն ասում է՝ երազում էր, որ որդին տուն դառնա՝ անգամ վիրավոր։ Մոր սիրտը կանխազգում էր՝ ինչ դժբախտություն է իրենց դուռը թակելու։ Ասում է՝ որդու կորստից հետո ոչ մի սփոփանք չկա իր համար։ Չի կարողանում համակերպվել դառը ցավի հետ։ 

«Եթե ապրում եմ, պատճառը Մարթան ա՝ աղջիկս, բայց հաստատ ուժ չունեմ։ Ես ինքս ինձնից ամաչում եմ, որ ապրում եմ։ Որ ինձ ասում են՝ պիտի ուժ գտնես, պատասխանում եմ՝ ասե՛ք՝ որտեղ ա էդ ուժը, գնամ-վերցնեմ»,- հուզմունքը կոկորդում խեղդելով նշում է մայրը։