«Ոնց որ ինչ-որ բան զգար. բանակ գնալուց առաջ անընդհատ Արամ Ասատրյանի «Ես կմեռնեմ ու կգնամ» երգն էր լսում». մայրը պատմում է ՀԵՐՈՍ ԷՄԻԼԻ մասին

Երեւանի Աջափնյակի իրենց բնակարանում Խաչատրյանները հյուրասենյակից վերջերս են երաժշտական սարքերը հավաքել։ Ասում են՝ իրենց 18-ամյա որդու՝ Էմիլ Խաչատրյանի զոհվելուց հետո տանն էլ ոչ ոք երաժշտություն չի լսում, իրենց տան երաժշտություն միացնողն Էմիլն էր՝ տան սպասված երեխան, որ ծնվեց երկու քույրերից 10 տարի հետո՝ մոր ծննդյան օրը։ 

«Բանակ գնալուց առաջ անընդհատ Արամ Ասատրյանի «Ես կմեռնեմ ու կգնամ, բայց սրտիդ մեջ հուշ կմնամ» երգն էր դնում, իրա սիրած երգն էր։ Էդ երգը հենց դնում էր, ես մեռնում էի, ասում էի՝ Էմի՛լ, մի՛ դիր, ինադո՞ւ ես դնում։ Ասում էր՝ մամա՛, Արամ Ասատրյանի էդ երգի համար ուշքս գնում ա»,- հիշում է Էմիլի մայրը՝ Ժաննա Գրիգորյանը, և հավելում, որ տղան վերջին երկու տարվա ընթացքում շատ էր փոխվել, լրիվ ուրիշ Էմիլ էր դարձել։

«Վերջին տարիներին սրտին մի բան կար, ամեն կիրակի մեզ ստիպում էր, որ իրա հետ եկեղեցի գնանք, ասում էր՝ պապա՛, հանկարծ ինչ-որ բան չպլանավորես, եկեղեցի ենք գնում: Ինչ անում էր, ասում էր`մի՛ խոսեք վրես, վերջին անգամ եմ անում: Ջղայնանում էինք վրան, ասում էինք` տղա՛ ջան, վերջին անգամ չի, գնալու ես ու էլի գաս։ Իսկ բանակ գնալու նախորդ օրը շատ անտրամադիր էր, լավ չքնեց, ասում էր՝ մամա՛, հորս արև, ես բանա՞կ եմ գնալու»։

mayr u tgha

Սեպտեմբերի 25-ին բոլոր հարազատների հետ երկար խոսել էր, հետո ցանկացել էր հոր հետ առանձին խոսել։ Ասել էր՝ պապա՛, պատերազմ ա սկսվում, մեզ հրաման մեկ են տվել ու արդեն տեղահանել են։ 

Էմիլի հետ վերջին խոսակցությունը ընտանիքին պատմել է իր մարտական ընկերը, որն Էմիլի հետ է եղել վերջում՝ սեպտեմբերի 30-ին։

«Երեք անգամ խփել են իրենց խրամատների մեջ, Էմիլն ու էդ տղան կանգնած ծխելիս են եղել: Ընկերն ասել ա՝ Էմի՛լ, գիտեմ, որ ողջ չենք մնալու, էսօր մամայիս ծնունդն ա, գոնե մամայիս ծնունդի օրը ողջ մնամ, հետո ինչ ուզում ա՝ թող լինի: Էմիլն ասել ա՝ դե լավ է, ի՞նչ ես խոսում, հեսա կպրծնի ամեն ինչ, կծառայենք, կգնանք։ էս խոսակցությունից անմիջապես հետո սնարյադն ուղիղ իրանց մոտ ա ընկել ու կպել Էմիլի քներակին»,- ասում է մայրը։

Ուշքի գալուց հետո ընկերը տեսել է, որ Էմիլը երեսի վրա ընկած է եղել։

mayr

«Ասում ա՝ գոռում էի, Էմի՛լ, Էմի՛լ, ձայն չկար։ Հետո ասեցին՝ արի գնանք, Էմիլը էլ չկա»։

Որդու զոհվելու լուրն ընտանիքը հենց նույն օրն է իմացել՝ իրենց հարևանի զոհված տղայի՝ Հայկի հուղարկավորությունից վերադառնալուց հետո։ 

Պատուհանի տակ սևեր հագած լիքը տղաներ էին հավաքվել, տեղ ու դադար չկար։ Ամուսնուս ասեցի՝ Բագրատ, ինչ-որ բան ա եղել, ասեց՝ երևի Հայկոյի համար են եկել, ասեցի՝ չէ, Հայկոյի համար չի, ինչ-որ ուրիշ բան ա եղել»,- ասում է Ժաննան ու նշում՝ էդ օրը ոչ ոք չքնեց։

«Հաջորդ առավոտ ամուսինս պատուհանից նայեց, սենց արեց՝ յա՛, ասեցի՝ ի՞նչ եղավ, բան չասեց։ Պարզվեց՝ իրա ախպորն ու ախպոր երեխեքին էր տեսել, հետներն էլ՝ շտապօգնություն։ Էդ պահին առանց հագնվելու վազեց դռան մոտ, հետո ամուսնուս ախպերը ներս մտավ, ամուսինս ասեց՝ չասե՛ք, հանկա՛րծ չասեք, որ Էմիլս չկա ․․․ Ու էդ օրը էդ սև լուրն եկավ մեր տուն, չհասկացանք՝ ինչ կատարվեց, մինչև էսօր չհասկացանք»,- ասում է մայրն ու հուզվում: