«Մի անգամ եղբորս մեքենային շատ մոտ ական է պայթել, մեքենայի հայելիները կոտրվել են, բայց ինքը հրաշքով փրկվել է». ՀԵՐՈՍ Սերժիկ Սահակյանի մասին պատմում է քույրը

20-ամյա Սերժիկ Սահակյանը զոհվել է նոյեմբերի 9-ին, երբ երեք զինակից ընկերների հետ մեքենան սննդով բարձում էր, որ հասցներ դիրքեր․ «Ընկերներն օգնում էին, որ մեքենան բարձեր, որ ինքը ճանապարհ ընկներ, էդ պահին «Բայրաքթարը» խփել ա, չորսն էլ զոհվել են»,- հուզմունքով պատմում է մայրը՝ 45-ամյա Արինա Սահակյանը։

Սերժիկ Սահակյանը մեկ տարի չորս ամիս էր, որ ժամկետային ծառայության էր մեկնել, երբ սկսվեց պատերազմը։ Մայրն ասում է՝ պատերազմի ժամանակ տղան մեքենայով զորք, զենք ու սնունդ է տեղափոխել, եղել ամենաթեժ կետերում։

«Ինքը «Ուրալ» ա քշել, ծառայության մեջ ինքը միշտ էլ քշում էր, վաշտի հրամանատարի, աֆիցերի ու ընկերների ասելով՝ սաղ կռվի ժամանակ՝ 44 օրը ակտիվ մասնակցել ա, զորք ա տարել, զենք ա տարել Հադրութ, Ջաբրայիլ, Ճարտար, Քարին Տակ, ամեն մասում եղել ա»,- ասում է Արինան։

mayr

Սերժիկի քույրը՝ 22-ամյա Սիրուն Սահակյանն պատմում է, որ մի անգամ եղբոր մեքենային շատ մոտ ական է պայթել, մեքենայի հայելիները կոտրվել են, եղբայրն էլ ուրախացել է, որ հրաշքով փրկվել է: 

«Իր ամենամոտ ընկերն է մեզ պատմել էդ պատմությունը։ Ընկերն էլ շտապօգնության վարորդ էր, մի քանի անգամ ընկերոջ ավտոն էլ պայթեցրել էին, պայթյունից գլխի ուժեղ ցնցում էր տարել, եղբայրս ա մի շաբաթ խնամել, ուր գնացել ա, միշտ իրա հետ տարել ա: Էդ տղան ասել ա՝ մեռնելու եմ, սաղ չեմ մնալու, եղբայրս ասել է՝ ըտենց բան չի լինելու, դու ապրելու ես, ես էլ բանակս պրծնեմ, շուտ ամուսնանալու եմ, ու դու իմ քավորն ես լինելու»,- պատմում է քույրը ու ցավով ասում, որ եղբոր երազանքները անկատար մնացին։

Սերժիկը ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել նոյեմբերի 9-ին։ Մայրը հիշում է, որ որդին ասել է՝ հարմար չի, կզանգեմ: «Բայց էլ զանգ չեկավ, կապը կտրվեց…»- կսկիծով ասում է Արինան։

ural

Սահակյանների կյանքը պատերազմի հետևանքով գլխիվայր է շրջվել։ Կորցրել են հայրենիքը, Մարտունու Սարգսաշեն գյուղում իրենց տունը, ավագ որդուն: 

Սերժիկ Սահակյանը սովորել է Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում, մասնագիտացել մետաղամշակման ոլորտում։ Մայրն ասում է՝ որդին ցանկանում էր բանակից գալ, շարունակել այդ գործը։ Լավ էր սովորում, աշխատասեր էր։

«Շատ հասկացող, ծանրակշիռ ա եղել, ոչ մեկին մի վատ խոսք չի ասել, ինքը միշտ մտածում էր ու նոր խոսում։ Ընկերասեր ա եղել, մեծ շրջապատ ա ձեռք բերել։ Շատ սիրում էր գիշերները ընկերների հետ թեյ խմել, մի անգամ՝ մեր տանը, մի անգամ՝ գյուղից մեկ ուրիշի տանը կազմակերպում էին։ Սիրած աղջիկ ուներ, փակ էր պահել, մինչև բանակ գնալն ենք իմացել, շփում չենք ունեցել, բայց հիմա էդ աղջիկը գնում-գալիս ա, մեր համար ինքը Սերժիկ ա»,- պատմում է մայրը ու կրկին հուզվում։

Ասում է՝ կարոտով ու հուշերով են ապրում։ Նկարները նայելիս հիշում է օրը, առիթը, որդու խոսքերը։