«12-ին կապ ա տվել՝ «քեռի, հոգնել ենք, շրջափակման մեջ ենք, փամփուշտներս պրծել են, փափուշտ հասցրեք»․ 9 հոգով 180 ից ավել ադրբեջանցի են ջարդել

«Ջաբրայիլի դիրքերում են եղել Սմբատենք, որ 9 էրեխա կեղտոտ, ցեխոտ իրանց մոտ են գնացել։ Պատմել են, որ 45 հոգուց 9-ն են ողջ մնացել, միամիտ եկել են, իրենց խրամատում են հայտնվել, սոված, ծարավ։ Էդ էրեխեքը 9 հոգով էին, ու 9-ով էլ զոհվել են»․Սմբատ Ավետիսյանն այս պատմությունն ընկերներին է պատմել, ու մայրը պատահաբար է լսել։

Սմբատի տղան մոտ 1 տարեկան էր, երբ նա գնաց պատերազմ։ Նրա մահվանից հետո ծնվեց երկրորդ որդին։ Սմբատը Ջաբրայիլ էր գնացել, իսկ նրա եղբայրը՝ Բաբկենը՝ Ռուստամ Գասպարյանի ջոկատով մեկնել է Հադրութ։ Սմբատը ջոկի հրամանատարն էր Ջաբրայիլում։ Նրա զոհվելուց հետո է ընտանիքը իմացել այդ մասին։ Հետո Ռուստամ Գասպարյանի ու տղայի շնորհիվ ամբողջ ջոկատը փրկվել է։

«Երկու տղաս էլ հետ վերադարձան հոկտեմբերի 16-ին։ Բայց Սմբատս դադար չուներ։ Չէր ներում իրան, որ պատերազմը չի ավարտվել, ու ինքը տանն ա։ Շատ բան չէր պատմում, խոսողներին լռեցնում էր, ասում էր՝ «պատերազմը չի ավարտվել, էս մարդուն կարող ա՝ վաղը տանում են, ինչի՞ եք վախացնում»»,-պատմում է հերոսի մայրը։

«Ասում էր՝ «երեք ուռալով գնում էին, երկուսը դիակ էր բերում։ Խառը վիճակ էր»։ Նոյեմբերի 26-ին, նորից ՄՈԲ-ով տարան, ասեցին՝ «տանում են Լաչինի կողմերը 5 օրով»։ Հետո իմացանք, որ Հադրութում ա»։

Վերջին անգամ զանգել էր դեկտեմբերի 11-ին, մոր հետ խոսել էր, ասել՝ «սմեն են փոխում, առավոտը հետ կգանք»։ Դեկտեմբերի 11-ի երեկոյան, թուրքը հարձակվում է, նրանց դիրքը դիմադրում է, 7 հոգի են լինում, 4-ը վիրավոր, 3-ն էլ չեն իմացել՝ որտեղ են։ Հետո արդեն մնացել են շրջափակման մեջ։

«12-ին կապ ա տվել իր քեռուն՝ «քեռի, հոգնել ենք, շրջափակման մեջ ենք, փամփուշտներս պրծել են, փափուշտ հասցրեք», բայց դե էլ ի՞նչ օգնություն։ Չեն օգնել տղաներին»։ Հետո մայրը լսել էր, որ 9 հոգով նենց էին պատերազմել, որ ամբողջ 44 օրվա ընթացքում տենց բան չէր եղել։ 9 հոգով 180 ից ավել ադրբեջանցի են ջարդել։