Հայտնի գրող Չարլզ Դիքենսը սիրում էր այցելել դիահերձարաններ, Բալզակն օրական խմում էր մոտ 40 գավաթ սուրճ. իսկ գիտե՞ք՝ հայ գրողներից Դերենիկ Դեմիրճյանը ինչ սովորություն ուներ

Մշակույթի, արվեստի ոլորտի մեծությունները մարդկանց ուշադրության կենտրոնում են ո՛չ միայն իրենց ստեղծագործություններով, այլև սկանդալային կյանքով ու տարօրինակ սովորություններով։ Հայտնի գրող Չարլզ Դիքենսը սիրում էր այցելել դիահերձարաններ, Պուշկինը շատ էր սիրում լիմոնադ։ Բալզակն օրական խմում էր մոտ 40 գավաթ սուրճ։ Սարսափ պատմվածքներով հայտնի Էդգար Պոն էլ վախենում էր մթությունից… Այս շղթան կարելի է անվերջ շարունակել, քանի որ այս հանճարեղ մարդիկ տարբերվում էին բոլորից։

Հայ իրականության մեջ ևս շատ են հայտնի արվեստագետների տարօրինակությունները։

Հայ անվանի գրող Դերենիկ Դեմիրճյանին, թերևս, գիտենք միայն իր հաստափոր «Վարդանանք» վեպով։ Հանուն արդարության՝ պիտի նշենք, որ մեզանից ոչ բոլորն են կարողացել հաղթահարել այդ ծավալուն վեպը։ Դեմիրճյանը, մեծ գրող ու մտավորական լինելուց զատ, նաև մեծ կենդանասեր էր։ Բազմաթիվ պատմություններ կան Դեմիրճյանի ու կենդանիների մասին։ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը մանրամասն պատմեց Դեմիրճյանի ու կենդանիների հետ կապված գեղեցիկ պատմությունները։

«Դեմիրճյանը հայտնի էր իր կենդանասիրությամբ։ Այս բնակարանում ապրում էին 4 կատու և Զանգի շունը։ Ասում են, որ Դեմիրճյանը կատուներին կոչել է իր սիրած կանանց անուններով՝ Շառլոտա, Էլեոնորա, Մարան և Օֆելյա։ Այդ կատուների մասին Դեմիրճյանը խոսել է նաև իր նամակներում և գրառումներում։ Էլեոնորայի և Շառլոտայի հետ լուսանկարներ ունի։

Կատուներից Էլեոնորային բնութագրում են՝ որպես ագրեսիվ կատու, իսկ Շառլոտային՝ դաստիարակված կատու։ Շառլոտան ժամերով անհամբեր սպասում էր Դեմիրճյանի աշխատասենյակի դիմաց, մինչև գրողը վերջացնի իր գործը, որից հետո ցատկում էր նրա ուսին, և հենց այդ պահին էլ արվել է նրանց լուսանկարը։ Նա հոգատար էր կենդանիների նկատմամբ այնպես, ինչպես մարդկանց նկատմամբ։

Տարածքի հնաբնակները պատմում են, որ նա հոգատար է եղել նաև բակի կատուների նկատմամբ․ տան կատուները պատրիկներն էին, իսկ բակինը՝ պլեբեյները։ Անգամ պատերազմի ծանր տարիներին նրանք կերակրում էին բակի կենդանիներին։ Դեմիրճյանը մեծ հետաքրքրություն է ունեցել կենդանաբանական այգու նկատմամբ, և կա պահպանված մի լուսանկար, որում պատկերված են Դեմիրճյանը, գրականագետ Արսեն Տերտերյանը և կենդանաբանական այգու հիմնադիր Արտավազդ Սարգսյանը, ովքեր լուսանկարվել են հենց այգում՝ վանդակների դիմաց։

Համաշխարհային գրականության ու արվեստի մեջ կին-կատու զուգահեռները միշտ են տարվել, իսկ Դեմիրճյանի մոտ կատուները կենդանիներ լինելուց զատ՝ կարծես թե իրական մարդիկ լինեին։ Թերթելով Դեմիրճյանի նամակները՝ տեսնում ենք, թե ինչ ծանր հոգեվիճակում է եղել նա, երբ կորցրել է իր 2 կատուներին։ Մասնավորապես Մարիա Դեմիրճյանին ուղղված նամակում մեծ գրողն արտահայտել է իր ամբողջ վիշտն ու ցավը։